Մատչելի հղումներ

Առողջապահության գործակալությունը նախազգուշացրել է թռչնային գրիպի համաճարակի մասին


Առողջապահության գործակալությունը նախազգուշացրել էր Հարավարեւելյան Ասիայի երկրների կառավարություններին, որ թռչնային գրիպից կարող է մահանալ 7 միլիոն 4ՕՕ հազար մարդ։ Այս հիվանդությունը դարձավ ասիական երկրների թռչնաբուծական արդյունաբերության փլուզման պատճառ, հասցնելով միլիարդավոր դոլարների վնաս։ Հիվանդությունից մահացավ 65 մարդ, սակայն մասնագետներն ասում են, որ այդ թիվը ժամանակի ընթացքում կարող է հասնել միլիոնների։

Հարավարեւելյան Ասիայի երկրների ընկերակցության անդամ պետություններն ուրբաթ օրը կոչ արեցին համախմբել ջանքերը, այստեղ տարածվող թռչնային գրիպ հիվանդության դեմ պայքարելու համար։ Մինչ այժմ մարդիկ այս հիվանդությամբ վարակվել են թռչունների հետ ուղղակի շփման արդյունքում, բայց գիտնականները կարծում են , որ հիվանդության հարուցիչը կարող է ձեռք բերել մարդկանց մեջ արագ տարածվելու ունակություն։ ԱՄՆ-ի ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ինստիտուտի տնօրենն դոկտոր Էնթընի Ֆաուչին ասում է.

՛՛Խոսքն այն մասին չէ, որ հիվանդությունն անպայմանորեն կտարածվի տարածաշրջանում, այլ այն, որ ժամանակի սղությունը կարող է տանել դեպի հիվանդության արագ տարածում՝՝։

Հիվանդության տարածումը խոչընդոտելու աշխատանքները համակարգելու պարտականությունները ՄԱԿ-ը հինգշաբթի օրը վստահեց դոկտոր Դեյվիդ Նաբարրոյին։ Վերջինիս կարծիքով հնարավոր է, որ թռչնային գրիպից մահանա 5-ից 15Օ միլիոն մարդ։ Այս նախազգուշացումից հետո ԱՄՆ-ի Սենատը հինգշաբթի օրն ընդունեց հիվանդությունների վերահսկման կենտրոնին մինչեւ 4 միլիարդ դոլար բյուջե հատկացնելու մասին որոշում, դեղորայք կուտակելու ու համաճարակի դեմ պայքարին պատրաստվելու համար։ Դոկտոր Ֆաուչին ասել է.

՝՝Լավ նորությունն այն է որ մենք այժմ հիվանդանոցային պայմաններում փորձարկման ենք ենթարկում մի պատվաստանյութ, սակայն մտահոգիչն այն է, որ մեր ներկա հնարավորություններով չենք կարողանա այդ նյութի անհրաժեշտ պաշարներ ձեռք բերել մի գիշերվա ընթացքում՝՝։

Մարդկանց շրջանում թռչնային գրիպի տարածումը կանխարգելելու ԱՄՆ-ում հաստատված միակ դեղամիջոցը Թամիֆլուն է, որը բժիշկներն Ասիայում այժմ օգտագործում են թռչնային գրիպով վարակված մարդկանց բուժելու համար։ ԱՄՆ-ում ներկա պաշարներով հնարավոր կլինի բուժել միայն 2 միլիոն մարդ եւ առողջապահության պատասխանատու մասնագետները ցանկանում են կուտակել այնքան պաշար, որը բավարարեր 2Օ միլիոն մարդու։ Սակայն անցած ուրբաթ օրը Հոնգ Կոնգի գիտնականները, հայտարարելով, որ հիվանդության վարակը սկսել է ցույց տալ դիմադրություն այս դեղամիջոցի նկատմամբ, հորդորեցին արտադրել Ռոլենզա անվանումը կրող մեկ այլ հակավիրուսային դեղամիջոցի ավելի արդյունավետ տեսակներ։

XS
SM
MD
LG