Միացյալ Նահանգների սենատի դատարանական հարցերով հանձնաժողովը քվեարկեց դատավոր Ջոն Ռոբերտսին Գերագույն Դատավորի պաշտոնին հաստատելու հարցը սենատի լիագումար նիստին դնելու օգտին։
Սենատի հանձնաժողովն իր նիստն ավարտելուց հետո դրա նախագահ Առլին Սպեկտերն ասաց.
՚՚Հանձնաժողովն իր դրական որոշման մասին կհայտնի սենատի լիագումար նիստում քննարկելու համար՚՚։
Հանձնաժողովի որոշումը ուղի է հարթում սենատի լիագումար նիստում հարցը հաջորդ շաբաթ քվեարկության դրվելու համար։ Սենատի հանձնաժողովի Դեմոկրատական կուսակցության անդամները տարակարծիք էին պարոն Ռոբերտսի առաջադրման առնչությամբ։ Սենատոր Դայան Ֆայնստայնն ասաց, թե դեմ է քվեարկել պարոն Ռոբերտսին, վիժեցումների առնչությամբ նրա անորոշ դիրքորոշման պատճառով.
՚՚Ես միակ կինն եմ այս հանձնաժողովում եւ ես ասացի, որ ինձ համար սա լինելու է գլխավոր հարցը՚՚։
Դատավորի պաշտոնին առաջադրված անձինք սովորաբար չեն ցանկանում քննարկել իրենց տեսակետները տարբեր հարցերի շուրջ։ Դատավոր Ռոբերտսը սենատորներին ասաց, թե որոշումներ կայացնելիս կառաջնորդվի օրենքով, եւ ոչ թե անձնական կարծիքով։
Հանձնաժողովի նախագահ Առլին Սպեկտերն ասաց, որ հիսունամյա պարոն Ռոբերտսը պատվով դուրս եկավ ունկնդրությունից։ Ակնկալվում է, որ պարոն Ռոբերտսի թեկնածությունը կհաստատվի սենատի լիագումար նիստում։ Դրանից հետո ուշադրությունը կկենտրոնանա հանգստի կոչվող Գերագույն Դատարանի դատավոր Սանդրա Դեյ Օ՚ Քոննորին փոխարինող գտնելու հարցի վրա։
Սենատոր Պատրիկ Լիհին ասաց, թե Գերագույն Դատարանի դատավորի պաշտոնին հաջորդ թեկնածուի առաջադրումը թերեւս հարթ չի ընթանա.
՚՚Կարծում եմ, նախագահ Բուշն այս անգամ կջանա մեր խորհուրդը հարցնել, նախքան գործելը՚՚։
Սենատի լիագումար նիստում պարոն Ռոբերտսի թեկնածությունը հաստատվելու դեպքում նա կլինի վերջին 200 տարվա ընթացքում Միացյալ Նահանգների ամենաերիտասարդ Գլխավոր Դատավորը։