Մատչելի հղումներ

Չինաստանը խորացնում է իր կապերը Լատինական  Ամերիկայի հետ


Չինաստանն ընդլայնում է իր տնտեսական եւ քաղաքական կապերը Լատինական Ամերիկայի երկրների հետ, որն ավանդաբար համարվում է Միացյալ Նահանգների ազդեցության շրջանը։

Չինաստանի նախագահ Հու Ջինտաոն վերջերս այցելեց Մեքսիկա, ուր հանդիպեց այդ երկրի նախագահ Վինսենտե Ֆոքսի հետ։ Երկու ղեկավարները ստորագրեցին մի շարք համաձայնագրեր։ Դա վերջին մեկ տարում պարոն Հուի երկրորդ այցելությունն էր Լատինական Ամերիկա։ Անցյալ տարի նա նաեւ հանդիպեց Արգենտինայի եւ Բրազիլիայի նախագահների հետ։ Մայքլ Շիֆթերը Լատինական Ամերիկայի հարցերով փորձագետ է.

՚՚Կարծում եմ, չինացիները գտնում են հնարավորություններ, որոնցից Միացյալ Նահանգները չի օգտվում։ Թվում է, թե Միացյալ Նահանգները լուրջ ջանքեր չի գործադրում օգտվելու այս կիսագնդում առկա տնտեսական հնարավորություններից՚՚։

Չինաստանը Լատինական Ամերիկային հիմնականում համարում է անմշակ նյութերի՝ ինչպես օրինակ, նավթի, անտառանյութի եւ հանքային հանածոների աղբյուր։ Նախագահ Բուշի վարչակազմը հայտնել է, թե այնքան էլ մտահոգված չէ կիսագնդում Չինաստանի նախաձեռնությունից։ Սակայն արտգործնախարարության նախկին պաշտոնատար Ռոջեր Նորյեգան հետեւյալն է ասել այս մասին.

՚՚Եթե նրանց միջեւ համագործակցություն զարգանա հետախուզության, ռազմական բնագավառներում, որը կխոչընդոտի մեր, կամ մեր հարեւանների շահերը, դա կմտահոգի մեզ՚՚։

Ամերիկացի որոշ օրենսդիրներ տարակուսում են, թե Չինաստանն արդյո՞ք սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների ազդեցությանը տարածաշրջանում։ Լատինական Ամերիկայի որոշ երկրներ Չինաստանին համարում են գործարարության բնագավառում խոստումնալից նոր գործընկեր, որը նշան է, թե նրանք նայում են Միացյալ Նահանգների հետ իրենց տնտեսական եւ քաղաքական ավանդական հարաբերություններից անդին։

XS
SM
MD
LG