Մատչելի հղումներ

՚՚Նարնջագույն՚՚ հեղափոխության  ղեկավարները պառակտվում են


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն սեպտեմբերի սկզբներին իր վարչակազմի մի քանի անդամների աշխատանքից ազատեց նրանց մասին տարածված կոռուպցիայի ասեկոսեների հետեւանքով։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին պետը, Օլեքսանդր Զինչենկոն ասում է, թե կարող է ապացուցել, որ երկրի նախագահի մերձավորագույն պաշտոնատարներն իրենց իշխանությունն օգտագործում են անձնական շահ ստանալու նպատակով.

՚՚Նախագահի մերձավորագույն շրջանակին մեղադրում եմ, որ գործարարությունը կառավարությունից զատելու մեր հեղափոխության կարգախոսը չի իրագործվում՚՚։

Ճգնաժամ։ Այս մասին առաջին անգամ խոսվեց սեպտեմբերի հինգին, երբ պարոն Զինչենկոն մամլո ասուլիս հրավիրեց եւ կառավարության բարձրաստիճան մի քանի պաշտոնատարների մեղադրեց կոռուպցիայի մեջ։ Այդ անձանց թվում էր Պետրո Պորոշչենկոն, նախագահի ամենասերտ բարեկամներից մեկը։ Նախագահն աշխատանքից ազատեց պարոն Պորոշչենկոյին, վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ու նաեւ պարոն Զինչենկոյին։

Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը երկրի ներկայիս նախագահին քննադատել է կոռուպցիայի աղմկահարույց գործը նվազեցնելու փորձի համար.

՚՚Ի՞նչ է նշանակում, երբ նախագահը նախօրոք ասում է, թե գիտի որ կոռուպցիա չկա։ Փաստորեն նա ասում է ՚՚չհետաքննեք մանրամասնորեն՚՚։

Նախագահի կուսակցության ներկայացուցիչ Բորիս Բեզպալիյն ասել է, թե ոչինչ չկա հետաքննելու։

՚՚Զինչենկոյի, Տոմենկոյի եւ Տիմոշենկոյի կողմից վկայակոչված փաստերի հետաքննությունը կտեւի տասը րոպե, քանի որ դրանք անիմաստ հայտարարություններ են՚՚։

Պաշտոնանկություններից հետո սկսվեցին փոխադարձ ամբաստանություններ։ Սեպտեմբերի տասներեքին նախագահ Վիկտոր Յուշչենկոն ասել է, թե Յուլիա Տիմոշենկոն դավաճանել է ՚՚Նարնջագույն՚՚ հեղափոխության գաղափարիներին։ Իսկ նախկին վարչապետը պատասխանել է, թե նախագահ Յուշչենկոն ցանկանում է իր հետ վարվել այնպես, ինչպես վարվել է նախկին նախագահ Լեոնիդ Կուչման։

Քաղաքական դիտորդների մեծամասնությունը համաձայն է, որ կացությունը չպետք է չափազանց բարդացնել։ Քաղաքական վերլուծաբան Օլեքսիյ Հարանն այս մասին ասել է.

՚՚Կարծում եմ, այս ճգնաժամը ցույց է տալիս, որ մեր հասարակությունն ու մեր քաղաքականությունն ավելի թափանցիկ են՚՚։

Պարոն Հարանի կարծիքով, կոռուպցիայի շուրջ ուկրաինացիների բանավեճը դրական զարգացում է.

՚՚Մենք նախկինում չենք ունեցել խոսքի ազատություն, իսկ ընտրությունները կեղծված էին։ Մենք այժմ ընթանում ենք դեպի ժողովրդավարություն՚՚։

Ուկրաինայի կոլեջներից մեկի դասախոս Յանայի կարծիքով գրեթե ոչ մի տարբերություն չկա նախկին եւ ներկայիս վարչակազմերի միջեւ.

՚՚Վերջին դեպքերից հետո արմատական ոչ մի տարբերություն չեմ տեսնում նախկին եւ ներկայիս իշխանությունների սկզբունքների միջեւ։ Նշանակալից չափով առկա է հիասթափություն՚՚։

XS
SM
MD
LG