Մատչելի հղումներ

Ամերիկացի մահմեդականները դատապարտում են ահաբեկչությունը


Միացյալ Նահանգներում, մի երկիր, որը ստեղծվել է կրոնական ազատության հիմքի վրա, Իսլամը ծաղկում է ապրում։ Սա երկրում ամենաարագ տարածվող կրոններից մեկն է։ Սակայն սեպտեմբերի տասնմեկի ահաբեկչական հարձակումներից հետո մահմեդականների կրոնը որոշ անձանց կողմից խստորեն քննադատվում է, ովքեր Իսլամը բնութագրում են որպես ահաբեկչական կազմակերպություն։

՚՚Իսլամական հարաբերությունների խորհուրդ՚՚ կազմակերպության խոսնակ Ռաբիահ Ահմեդն ասել է, որ ահաբեկիչները ճշմարիտ մահմեդականներ չեն։

՚՚Ծայրահեղական տեսակետներ ունեցող այդ անձինք օգտագործում են մեր կրոնը, այն նենգափոխում են իրենց քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով՚՚։

Իսլամի հետեւորդների շրջանում առկա է մտավոր եւ կրոնական պայքար չափավորների եւ արմատականների միջեւ, ովքեր ցանկանում են հարկադրել իրենց ծայրահեղական հայացքները։ ՚՚Կրոնական ազատությունների կենտրոն՚՚ կազմակերպության կողմից վերջերս կատարված մի ուսումնասիրության մասնակիցներն ընթերցել են Միացյալ Նահանգների մզկիթներից եւ Իսլամական կենտրոններից հավաքած հարյուրավոր գրքեր եւ պարսավագրեր։ Զեկույցի հեղինակը Նինա Շեան է.

՚՚Օրինակ, այդ գրականության մեջ կոչ է արվում զատվել անհավատներից, եւ որ մահմեդականների կրոնական պարտականությունն է քրիստոնյաներին ու հրեաներին ատելը ՚՚։

Իսլամական ղեկավարներն ասում են, թե այս գրականությունը չի ներկայացնում ամերիկացի մահմեդականների մեծամասնության տեսակետը։ Ջորջթաունի համալսարանի Մահմեդականների ու Քրիստոնյաների փոխըմբռնման կենտրոնի աշխատակից Զահիդ Բուխարին այս մասին ասել է հետեւյալը.

՚՚Մահմեդականներն այս երկրում ապրում էին միայն ֆիզիկապես։ Մտավորապես եւ հոգեպես նրանք ապրում էին իրենց հայրենիքում։ Սակայն այժմ նրանք փորձում են հոգեպես եւ մտավորապես ապրել այս երկրում՚՚։ յ

Լոնդոնում հուլիսի յոթի ահաբեկչական հարձակումներից հետո Միացյալ Նահանգների մահմեդական առաջնորդները հրապարակեցին կրոնական մի աննախադեպ օրենք, որով անձնասպան ռմբահարողներին հայտարարեցին ՚՚ոճրագործներ, եւ ոչ թե մարտիրոսներ՚՚։ Օրենքը մահմեդականներին արգելում է ահաբեկչական հարձակումներ գործել, կամ օգնել ահաբեչական խմբերին։ Ռաբիահ Ահմեդն ասում է, որ այն ծառայում է նաեւ այլ նպատակի.

՚՚Այն նաեւ պատգամ է հղում այլ դավանանքների մարդկանց, ովքեր շփոթված են այն հարցում, թե Իսլամն ինչ դիրքորոշում ունի ահաբեկչության առնչությամբ՚՚։

Ռաբիահ Ահմեդը հույս ունի, որ մարդկանց վերաբերմունքը փոխելու դեպքում այս երկրի մահմեդականների ապագա սերունդների համար դյուրին կլինի ճշմարիտ Ամերիկացի համարվելը։

XS
SM
MD
LG