Վերջին օրերին ավելի քան հիսուն երկրներ խոստացել են աջակցել ՚՚Կատրինա՚՚ ծովամրրիկից տուժած նահանգներում փրկարար աշխատանքների եւ օգնության գործում։
Փրկարար խմբերը ՚՚Կատրինա՚՚ ծովամրրիկից գոյատեւած անձանց շարունակում են տարահանել աղետի գոտուց։ Իսկ օգնության առաջարկները շարունակվում են ամբողջ աշխարհից։ Վաշինգտոնի ավանդական դաշնակից Բրիտանիայի ռազմաօդային ուժերը հարյուր-հազարավոր զինվորական օրապահիկ է առաքել գաղթականներին։
Փարիզում պաշտոնատարները քննարկել են մի ժամանակ Ֆրանսիային պատկանած Նյու Օռլեան քաղաքին օգնություն հասցնելու հարցը, մինչ Ֆրանսիայի Կարմիր Խաչ կազմակերպության աշխատակիցները պատրաստվում են մեկնել Միացյալ Նահանգներ։ Կազմակերպության աշխատակցուհի Նատալի Տոմզակն ասում է.
՚՚ Ես եղել եմ Սրի Լանկայում եւ Իրանում՝ նույն կարգի աղետների համար՚՚։
Իտալիան Նյու Օռլեան է ուղարկում բժշկական հազարավոր փաթեթներ, ռետինե նավակներ, ջրի զտիչներ։ Ցունամիից տուժած երկրները նույնպես օգնություն են խոստանում։ Այս մասին Թաիլանդի արտգործնախարար Կանտատի Սուֆամոնգկոնն ասում է.
՚՚Մենք չափազանց երջանիկ ենք օգնելու մեր բարեկամներին, իսկ Միացյալ Նահանգները Թաիլանդի առանձնահատուկ բարեկամն է՚՚։
Նույնիսկ Կուբան եւ Վենեսուելան, որոնց հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ լարված է, նույնպես առաջարկել են օգնություն։ Միացյալ Նահանգների պաշտոնատարներն ասել են, թե երախտապարտ են գործադրված ջանքերի համար, սակայն աշխատում են որոշել, թե ո՞ր երկրների առաջարկն են ընդունելու։