Չեռնոբիլի միջուկային աղետից գրեթե քսան տարի անց, ուկրաինացիների եւ շրջակա միջավայրի վրա ճառագայթման ազդեցությունը շատ ավելի նվազ է, քան ենթադրվում էր։
1986 թվականի ապրիլի քսանվեցին միջուկային խոշոր աղետ տեղի ունեցավ Կիեւից ութսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող Չեռնոբիլի ատոմակայանում։ Աղետի պատճառը սխալ նախագծված ռեակտորն էր, եւ պայթյունի հետեւանքով ռադիոակտիվ մասնիկները սփռվեցին Եւրոպական երկրներից շատերի տարածքում։
Տիրում էր այն ենթադրությունը, որ աղետի շրջակա տարածքները մի քանի տասնյակ տարիներ կմնան վարակված։ Սակայն մի նոր ուսումնասիրության տվյալների համաձայն, մարդկանց եւ շրջակա միջավայրի վրա դրա բացասական հետեւանքները շատ ավելի նվազ են, քան կարծում էին։
Ուսումնասիրությունը կատարել են ՄԱԿ-ի ութ գործակալություններ, որոնց թվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ Զարգացման գործակալությունը։ Աղետի ժամանակ զոհվեցին մոտավորապես հիսուն անձինք։ Դոկտոր Ֆրեդ Մեթլերը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աշխատակից է.
՚՚Զեկույցի տվյալները ցույց են տալիս, որ ռադիոակտիվ վարակման ենթարկված անձանց շրջանում քաղցկեղից կմահանան 4 հազար անձինք՚՚։
Այս թիվը շատ ավելի նվազ է նախկին հաշվումներից։ Դոկտոր Մեթլերն ավելացրել է, թե աղետից հետո առկա էին վահանագեղձի քաղցկեղով հիվանդ չորս հազար երեխաներ, եւ գոյատեւել է նրանց 99 տոկոսը։ Ճառագայթման ենթարկված մարդկանց վերարտադրելու առողջության մասին պարոն Մեթլերն ասել է հետեւյալը.
՚՚Մաքուր շրջանների հետ համեմատած, այս պահին ապացույց չկա վարակված շրջաններում անկանոնությունների ավելանալու մասին՚՚։
Զեկույցում մեկ այլ կարեւոր կետ էր մարդկանց հոգեկան առողջության խնդիրը։ Պարոն Մեթլերն ավելացրել է.
՚՚Հոգեբաններն ու հոգեբույժները բնութագրել են, որ աղետից տուժածների շրջանում բացակայել է վստահությունը եւ իրենց ապագայի վրա վերահսկողությունը՚՚։
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, Չեռնոբիլի աղետից Ռուսաստանում, Բելառուսում եւ Ուկրաինայում տուժած մեծ թվով անձինք դեռեւս չունեն համապատասխան եւ վստահելի տեղեկություն միջուկային աղետների հետեւանքների մասին։