Մատչելի հղումներ

Օգնություն՝ ծովամրրիկից տուժածներին


՚՚Կատրինա՚՚ ծովամրրիկից տուժածներին համերկրային օգնությունից բացի, այդ նպատակով դրամ են նվիրաբերում նաեւ Միացյալ Նահանգների քաղաքացիները։

Ամերիկացիներն օգնություն են ցուցաբերում անօթեւան, առանց պարենի, ջրի, բժշկական պիտույքների եւ աշխատանքի մնացած անձանց։ Նախագահ Բուշը երկրի նախկին նախագահներ Բիլ Քլինթնին եւ իր հորը՝ Ջորջ Բուշին խնդրել է բարձրացնել մարդկանց իրազեկությունը եւ օգնել ծովամրրիկից տուժածների համար դրամական նվիրատվություններ հանգանակելու գործում։

՚՚Մենք միասնական ենք ծովամրրիկից տուժած մարդկանց օգնելու մեր վճռակամության մեջ՚՚։ Ծովամրրիկից տուժածներին օգնելու նպատակով Ամերիկայի տարբեր նահանգների նահանգապետներ ուղարկում են Ազգային պահակազորի զինվորների։ Մի զինվոր ասում է.

՚՚Ուրախ եմ օգնելու նրանց, եւ հպարտ եմ գնալու այնտեղ՚՚։

Տուժածների օգնության խնդրանքներից զգացված ամերիկացիները մինչեւ այժմ նվիրաբերել են 15 միլիոն դոլար։ Տեխասի նահանգն իր պետական դպրոցներն է ընդունում ծովամրրիկից անօթեւան մնացած ընտանիքների երեխաներին։ Խոշոր ընկերությունները միլիոնավոր դոլարներ են նվիրաբերում օգնության եւ վերակառուցման նպատակով։ Դերասան Ջերի Լուիսը հեռուստատեսությամբ ամեն տարի դրամահավաք է կազմակերպում մկանային տարաճում ունեցող երեխաների համար։ Այս մասին նա ասում է.

՚՚Եթե երեխաների համար ցանկանում եք ուղարկել ինձ քսան դոլար, ապա ուղարկեք 10 դոլար, մնացած տասն ուղարկեք ծովամրրիկից տուժածներին՚՚։

Ծովամրրիկից ավերված Ալաբամայի, Միսիսիպիի եւ Լուիզիանայի նահանգներում տները, բիզնեսները, փողոցները, մայրուղիները վերանորոգելը կտեւի տարիներ։ Ծովամրրիկից տուժած մի մարդ ասում է.

՚՚Ամեն ինչ ավերվել է, սրբվել է երկրի երեսից՚՚։

XS
SM
MD
LG