Մատչելի հղումներ

՚՚Կատրինա՚՚  ծովամրրիկից հետո


Ամերիկայի հարավային որոշ նահանգներում ամբողջ թաղամասեր անցել են ջրի տակ եւ փրկարար աշխատողները որոնում են գոյատեւածների։

Մեքսիկական ծոցի՝ Միացյալ Նահանգների ծովափնյա տարածքներն աստիճանաբար ողողվեցին հեղեղումներից, ուր տասնյակ անձինք գոյատեւելու համար բարձրացել էին շենքերի տանիքներին։ ՚՚Կատրինա՚՚ ծովամրրիկից անմիջապես հետո Միացյալ Նահանգների բանակի զինվորներ մարդկանց ուղղաթիռներով վտանգավոր շրջաններից փոխադրում էին ապահով վայրեր։

Նոր Օռլեանը պաշտպանող ամբարտակները խորտակվելուց հետո նավակները շրջում էին ջրի տակ անցած քաղաքի թաղամասերում։ Լուիզիանայի նահանգապետ Քյաթլին Բլանկոն ասել է, թե քաղաքի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալ մի քանի շաբաթից։

՚՚Եթե կարողանանք չորացնել հեղեղված շրջանը, եթե կարողանանք փողոցները դարձնել անցանելի, ապա մի քանի շաբաթից նրանք կարող են զննել իրենց տները՚՚։

Բիլ Լոքին Արտակարգ իրադրությունների համերկրային ղեկավարման գործակալության աշխատակից է։ Նա այս մասին ասել է.

՚՚Մենք ներկայումս ուսումնասիրում ենք հնարավոր հողատարածքները, ժամանակավոր նոր ապաստարաններ կառուցելու համար՚՚։

Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը հողմամրրիկից տուժածներին խնդրում է համբերատար լինել։

՚Սա փորձության ժամ է այս համայնքների բնակիչների համար։ Գիտենք, որ բազմաթիվ բնակիչներ բուռն ցանկություն ունեն վերադառնալու իրենց տները, սակայն դա հնարավոր չէ այս պահին՚՚։

Նախագահ Ջորջ Բուշը մի քանի նահանգներ հայտարարել է աղետի գոտի եւ արձակուրդը չավարտած վերադարձել է Վաշինգտոն օգնության աշխատանքները վերահսկելու համար։ Մինչ այդ, մի քանի նահանգներում որոշակի տարածքներ գտնվում են ջրի տակ։

Հեղեղը նվազելուց հետո կարող են առաջանալ նոր վտանգներ. դրանք են՝ անկայուն շենքերն ու ջրից առաջացող հիվանդությունները։

XS
SM
MD
LG