Մատչելի հղումներ

՚՚Համերաշխություն՚՚  շարժման տարեդարձը


Քսանհինգ տարի առաջ, 1980 թվականի օգոստոսի երեսունմեկին Լեհաստանի կոմունիստական կառավարությունն օրինականացրեց ՚՚Համերաշխություն՚՚ արհմիութենական անկախ կազմակերպությունը։

Գդանսկի նավաշինարանի գործադուլավորների եւ Լեհաստանի կոմունիստական կառավարության պատվիրակների միջեւ պատմական համաձայնագրի ստորագրումը տեղի ունեցավ 37-ամյա էլեկտրիկ Լեխ Վալենսայի կողմից առաջնորդված երկշաբաթյա հակամարտությունից հետո։

Շուտով ՚՚Համերաշխությանը՚՚ միացան մտավորականներ, դերասաններ եւ Լեհաստանի նորաստեղծ ընդդիմությունը։ Այս մասին Միացյալ Նահանգների արտգործնախարարի օգնական Դան Ֆրիդն ասում է.

՚՚Այդ օրերին բազմաթիվ ամերիկացիներ, ցավոք սրտի նաեւ ես, այն կարծիքին էինք, որ սառը պատերազմը հարատեւելու էր՚՚։

Սակայն վատ նախազգացումը շուտով փոխվեց զարմանքի եւ հույսի, երբ Լեհաստանի կառավարությունը համաձայնեց իր քաղաքացիներին շնորհել իրենց արհմիությունն ազատորեն կազմակերպելու իրավունքը։ Պարոն Ֆրիդն ավելացնում է.

՚՚Երբ լսեցի Գդանսկի համաձայնագրի մասին, դա զարմանալի պահ էր։ Լեհաստանում սկսվածը մի շարժում էր, որը բերեց հայրենասիրություն, աշխատավորների իրավունքներ, կոմունիզմի ժխտում։ Ամենակարեւորը՝ այն համախմբեց լեհ ժողովրդին՚՚։

1981 թվականի դեկտեմբերին, Լեհաստանի ղեկավար Վոյցեխ Յարուզելսկին երկրում հայտարարեց պարետային ժամ, առկախեց ՚՚Համերաշխություն՚՚ կազմակերպության գործունեությունը եւ ձերբակալեց դրա ղեկավարներից շատերին։ Սակայն, 1989 թվականին վարչակարգը հարկադրված էր հրաժարվել իր իշխանությունից։

Մեկ տարի անց, Լեխ Վալենսան դարձավ Լեհաստանի ժողովրդավարորեն ընտրված նախագահը։ Քսանհինգ տարի անց, ՚՚Համերաշխություն՚՚ կազմակերպության օրինակը ծավալվեց Ուկրաինայում եւ Իրանում։ Լրատվական միջոցների փորձագետ Յարոսլավ Մարտինյուկն այս մասին ասում է.

՚՚Որոշ առումով, ՚՚Համերաշխություն՚՚-ը նախադեպ ստեղծեց 21-երորդ դարի ժողովրդավարական շարժումների՝ ինչպես օրինակ, Վրաստանում տեղի ունեցած Վարդերի հեղափոխության, Ուկրաինայում՝ Նարնջագույն, իսկ Ղըրղըզստանում՝ Կակաչների հեղափոխության համար՚՚։

Վելուծաբան դոկտոր Շարիար Ահի-ն ասում է, թե այդ ոգեշնչումը նկատելի էր Իրանյան ցույցերի ժամանակ։ Նա այս մասին ասում է.

՚՚Օրինակ, երբ դիտում եք Իրանում 1999 թվականին տեղի ունեցած ուսանողական ցույցերի ժամանակ ժողովրդավարական ղեկավար Ահմեդ Բաթեբիի պատկերները, դրանց ուղեկցող նախշազարդումներն ու խորհրդանշանները հիշեցնում են ՚՚Համերաշխություն՚՚ շարժումը՚՚։

Չնայած Լեհաստանը ՆԱՏՕ-ի ու Եւրամիության անդամ է, այնուամենայնիվ երկրում գործազրկությունը հասնում է 18 տոկոսի։ Սակայն ՚՚Համերաշխություն՚՚ շարժման առասպելն ապրում է ինչպես Լեհաստանում՝ այնպես էլ դրա սահմաններից շատ ավելի հեռու երկրներում։

XS
SM
MD
LG