Մատչելի հղումներ

Գերմանիայի տնտեսական  ծանր կացությունը


Գործազրկությունից զայրացած գերմանացի քվեատուները թերեւս իրենց կառավարությունը կփոխեն սեպտեմբերին կայանալիք ընտրություններում։

Սվիկա քաղաքի եկեղեցիներից մեկը կառուցվել է տասներկուերորդ դարում։ Առեւտրի հանրախանութներից մեկը՝ հինգ տարի առաջ։ Այստեղ ավտոմեքենաներ սկսել են կառուցել 1904 թվականից ի վեր։ Այս ավանդույթը շարունակվում է Սվիկայի համալսարանի ավտոմոբիլաշինության ինժեներության Ռալֆ Թրոգերի խմբում։

Ուսանողներն այստեղ սովորում են ստուգել շարժիչները եւ լուծել առաջացած խնդիրները։ Սակայն նրանցից ոչ մեկը վստահ չէ, թե արդյո՞ք կարող է աշխատանք գտնել այստեղ։ Գործատուների գերմանական ֆեդերացիայի տնտեսագետներից պարոն Ֆոն Վայթերշաուզենն ասում է, թե Գերմանիայի տնտեսությունն ընկրկման եզրին է եւ կացությունը վատթար է Արեւելյան Գերմանիայում։

՚՚Մարդիկ հեռանում են իրենց գյուղերից եւ շրջաններն արյունաքամ են լինում՚՚։

Գերմանիայում գործազրկության միջին մակարդակը տասնմեկ տոկոս է, իսկ նախկին Արեւելյան Գերմանիայում այն հասնում է տասնութ տոկոսի։ Արեւելյան Գերմանիայի հնացած սարքավորումներ ունեցող գործարանները չկարողացան մրցակցել, կորցնելով միլիոնավոր աշխատատեղեր։

Սվիկայում է գտնվում այն գործարանը ուր մի ժամանակ պատրաստում էին Արեւելյան Գերմանիայի պատմության մեջ արդյունաբերական ամենահայտնի արտադրանքները, Տրաբանտները։ Ավտոմեքենան ունի պլաստիկ իրան, փոքրիկ շարժիչ, եւ նրա արագությունը ժամում հարյուր կիլոմետր է։

Ավտոմեքենան պատրաստելու վրա աշխատում էին 12 հազար աշխատողներ եւ այն մեծ պահանջարկ էր վայելում։ Գերմանիայի վերամիավորումից հետո ոչ-ոք այլեւս չէր ցանկանում Տրաբանտ գնել, եւ գործարանը փակվեց ու բազմաթիվ անձինք զրկվեցին աշխատանքից։ Նրանցից մեկը Գերդ Ռուդորֆն է, որն աշխատանք գտավ մեկ այլ ընկերությունում, իսկ այնուհետեւ՝ ավտոմեքենաների այս թանգարանում։

՚՚Տրաբանտ՚՚-ի եռակցման բաժնի ղեկավար Դիտմար Շոլցն ասում է, թե տարբեր խմբեր միասին աշխատում են գործազուրկներին աշխատանքի տեղավորելու համար։ Սվիկայի քաղաքապետ Դիտմար Վեթերմանն ասում է, թե կացությունը բարելավվում է.

՚՚Ես նկատում եմ գործազրկությունը նվազելու հնարավորություն եւ քաղաքագետներն աշխատում են ամեն օր, այն բարելավելու համար՚՚։

Տրաբանտի որոշ թվով խանդավառ սեփականատերեր դեռեւս օգտագործում են իրենց ավտոմեքենաները, իսկ մյուսները դրանք վերափոխել են տարբեր նպատակների համար։ Սվիկայի բնակիչների ինժեներական հմտություններն ու հումորի զգացումը թերեւս անհրաժեշտ կլինեն նրանց, մինչ Գերմանիան մաքառում է ապաքինվել եւ մրցակցել համաշխարհային դժվարին տնտեսությունում։

XS
SM
MD
LG