Մատչելի հղումներ

Մաշկի քաղցկեղի վաղ ախտորոշման կարեւորությունը


Քաղցկեղի ամերիկյան միության համաձայն, վերջին 20 տարում ԱՄՆ-ում եռապատկվել են մաշկի քաղցկեղի դեպքերը։ Հիվանդության վաղ ախտորոշումը չափազանց կարեւոր է քաղցկեղի երբեմն նույնիսկ մահացու այս տեսակի տարածումը կանխելու գործում։

Արեւապաշտպան քսուք չօգտագործելը կարող է հանգեցնել մաշկի քաղցկեղի։ Մելանոման մաշկի քաղցկեղի տարատեսակներից մեկն է եւ այն չափազանց վտանգավոր է։ Չնայած մելանոման կազմում է մաշկի քաղցկեղի դեպքերի միայն 10 տոկոսը, այն հանդիսանում է մաշկի քաղցկեղների հետ կապված մահերի 80 տոկոսի պատճառը։

Մաշկի մուգ գույն ձեռք բերել եւ միաժամանակ արեւի ճառագայթների վնասակար ազդեցությունից խուսափել ցանկացող երիտասարդները ներկայումս օգտվում են արհեստական արեւայրուկի հատուկ մահճակալներից։ Սակայն դրանք եւս լիովին անվնաս չեն եւ կարող են հանգեցնել մաշկի քաղցկեղի։ Սովորաբար մաշկի քաղցկեղը զարգանում եւ ի հայտ է գալիս 20 տարվա ընթացքում, երբ մարդիկ 40-ից 60 տարեկան են։ Չափազանց կարեւոր է ինքնազննել խալերը։ Առողջ խալը պետք է ունենա համաչափ տեսք, դրա եզրագծերը պետք է չունենան ելուստներ կամ կտրվածքներ, այն պետք է լինի միագույն եւ դրա տրամագիծը պետք է 6 միլիմետրից նվազ լինի։

Սակայն լիովին վստահելի չէ մաշկի միայն ինքնազննությամբ բավարարվելը եւ խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ այցելել նաեւ մաշկաբանի։ Եթե ծրագրում եք արեւի տակ երկար ժամանակ անցկացնել, ապա անհրաժեշտ է նախապես մաշկը պատել արեւապաշտպան քսուքով, իսկ դեմքը պաշտպանել արեւի գլխարկով կամ հովանոցով։

Հնարավորության դեպքում ցանկալի է արեւի ճառագայթներից խուսափել առավոտյան 10-ից մինչեւ կեսօրվա 4-ն ընկած ժամանակահատվածում։ Մաշկի մուգ գույն ունեցողների շրջանում մաշկի հետ կապված խնդիրներն երբեմն ի հայտ են գալիս չափազանց ուշ եւ մարդիկ մահանում են։ Մաշկաբանները 45-ից բարձր տարիքի անձանց խորհուրդ են տալիս ամեն ամիս ուշադրությամբ ինքնազննել մաշկը։ Ավելի մուգ մաշկ ունեցողները պետք է ստուգեն իրենց ձեռքի ափերը, մատները եւ ոտքերը։

XS
SM
MD
LG