Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման ծրագիրը


Ակնկալվում է, որ աշխարհի 170 երկրների ղեկավարներ սեպտեմբերի կեսերին կժամանեն Նյու Յորք, ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովին մասնակցելու համար։

Սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի ընդհանուր ժողովում օրակարգի գլխավոր նյութը լինելու է կազմակերպության աշխատանքի բարելավումը։ Այդ նպատակով նախատեսվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը տասնհինգից դարձնել քսանչորս անդամ։

Միացյալ Նահանգները, Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանն ու Ռուսաստանն ունեն վետոյի իրավունք։ Մյուս տասն անդամներն ընտրվում են ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի կողմից՝ երկու տարով։ Աֆրիկան, Լատինական Ամերիկան եւ Արեւմտյան Եւրոպան ընտրում են երկուական անդամ։ Արաբական երկրները, Ասիան եւ Արեւելյան Եւրոպան ընտրում են մեկական անդամ, իսկ վերջին տեղը որոշվում է Ասիայի եւ Աֆրիկայի միջեւ։ Միացյալ Նահանգների ՄԱԿ-ի ընկերակցության փոխ-նախագահ Սթիվն Դիմոֆն այս մասին ասում է.

՚՚Բազմաթիվ երկրներ այն կարծիքին են, թե անհրաժեշտ է բարեփոխել Անվտանգության խորհուրդը, քանի որ այն Երկրորդ համաշխարհային պատերազմի մնացուկ է՚՚։

Ջոշուա Մուրավչիկն ՚՚Ըմերիքն Էնթըփրայզ Ինսթիթյութ՚՚ կազմակերպության վերլուծաբաններից է.

՚՚Խնդիրն այս ժամանակավրեպ կացությունն ուղղելն է, երբ զարգացող երկրներն ու Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտված երկրները դուրս մնացին սկզբնական ծրագրից՚՚։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարեփոխելու համար առկա են մի քանի ծրագրեր։ Դրանցից որեւէ մեկն ընտրելու համար ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում անհրաժեշտ է դրա անդամների երկու երրորդի քվեները։ Մի քանի երկրներ, ինչպես օրինակ, Բրազիլիան, Հնդկաստանը, Ճապոնիան եւ Գերմանիան են, կողմնակից են Անվտանգության խորհրդի անդամների թիվն ավելացնելուն։ Այս մասին պարոն Մուրավչիկն ասում է.

՚՚Զարմանալի եւ անհանգստացնող փաստն այն է, որ Գերմանիան, Ճապոնիան եւ որոշ թվով այլ երկրներ ավելի շատ շահագրգռված են իրենց համար տեղ ապահովել Անվտանգության խորհրդում, ու ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչպե՞ս պետք է բարելավել ՄԱԿ-ի աշխատանքը՚՚։

Սակայն Սթիվն Դիմոֆի կարծիքով, Անվտանգության խորհուրդն ընդլայնելը դրա գործողություններին կընձեռի ավելի մեծ արժանահավատություն։

՚՚Բազմաթիվ երկրների տեսանկյունից Անվտանգության խորհրդի որոշումներն ավելի մեծ օրինականություն կստանան եւ այդ իսկ պատճառով դրանք ավելի մեծ պատրաստակամությամբ կենթարկվեն խորհրդի որոշումներին՚՚։

Պարոն Դիմոֆն ասում է, որ կասկածելի է, թե Անվտանգության խորուրդը կընդլայնվի շուտով, քանի որ ծրագրերից եւ ոչ մեկը չի հավաքի քվեների երկու երրորդը։

XS
SM
MD
LG