Մատչելի հղումներ

Իրանը շարունակում է իր միջուկային ծրագիրը


Չնայած միջազգային համայնքի կողմից տնտեսական սահմանափակումների սպառնալիքին, Իրանը վերսկսել է ուրանի հարստացման գործընթացը։

Իրանի կողմից ուրանի փոխակերպման գործընթացը վերսկսվելուց հետո Եւրոպական երկրների բանագնացները հրավիրեցին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության արտահերթ նիստ։ Գործակալության խոսնակ Մելիսա Ֆլեմինգն այս մասին ասել է.

՚՚Այսօր կարող ենք հաստատել, որ իրանցիները սկսել են ուրանի փոխակերպման գործընթացը։ Ցավոք սրտի, նրանք այս քայլը կատարեցին չնայած մեր նախազգուշացմանը, որ մեր տեղադրած տեսագրող սարքերի փորձարկման համար մեզ անհրաժեշտ էր քսանչորս ժամ՚՚։

Գերմանիայի արտաքին գործոց նախարար Յոշկա Ֆիշերը հայտարարել է, որ Իրանն իր այս գործողությունը պետք է համարի սխալ ուղղությամբ կատարված քայլ։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը պնդում է, որ իրենց ծրագրի նպատակը միայն էլեկտրաէներգիա արտադրելն է, սակայն Մերձավոր արեւելքի հարցերի փորձագետ Անտոնի Կորդեսմանն այս մասին ասել է հետեւյալը.

՚՚Կասկած լինել չի կարող, որ իրականացվում է միջուկային ծրագիր. խնդիրն այն է, թե իրանցիների համար որքա՞ն դյուրին է թաքցնելը բաներ, որոնց մասին տեղյակ չենք՚՚։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Էլ Բարադեին դեռեւս հույս ունի, որ փակուղուց կարելի է դուրս գալ.

՚՚ Հույս ունեմ, որ սա հարատեւ խզում չէ։ Մենք անցած մի քանի տարում չափազանց լավ առաջընթաց ենք արձանագրել Իրանի միջուկային նախկին գործունեությունը հստակեցնելու շուրջ՚՚։

Նախագահ Ջորջ Բուշն Իրանին հորդորում է վերադառնալ բանակցությունների սեղանին։

՚՚Մենք այն կարծիքին ենք, որ իրանցիները պետք է հավատարիմ մնան Փարիզում ձեռք բերված համաձայնությանը։ Իրանի կողմից պահանջն անտեսվելու դեպքում մեր գործընկերների հետ կաշխատենք ձեռք առնել համապատասխան միջոցներ՚՚։

Սակայն Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե ավելի լավ է իր երկիրը ենթարկվի տնտեսական սահամանափակումների՝ քան հրաժարվի իր միջուկային ծրագրից։

XS
SM
MD
LG