Մատչելի հղումներ

՚՚Նավթ պարենի դիմաց՚՚  ծրագրի շուրջ զեկույցը


ՄԱԿ-ի ՚՚Նավթ պարենի դիմաց՚՚ ծրագրի նախկին ղեկավար Բենոն Սեւանը մեղադրվում է կոռուպցիայի եւ նավթի ապօրինի գործարքներից խոշոր գումարներ ստանալու մեջ։

Տարիներ շարունակ Բենոն Սեւանը ղեկավարել է ՄԱԿ-ի ՚՚Նավթ պարենի դիմաց՚՚ ծրագիրը։ Այժմ նա թաքնվում է, նրա գտնվելու վայրն անհայտ է։ Ծրագրի հետ կապված կոռուպցիայի դեպքերը հետաքննող անկախ հանձնաժողովն անցնող երկուշաբթի պարոն Սեւանին մեղադրեց կաշառակերության մեջ եւ հանձնարարեց նրան զրկել դիվանագիտական անձեռնմխելիությունից։ Հանձնաժողովի նախագահ Փոլ Վոլքերն ասում է.

՚՚Հանձնաժողովը հանձնարարում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը պետք է համաձայնի պարոն Սեւանին անձեռնմխելիությունից զրկելու իրավապահ մարմինների խնդրանքին՚՚։

Պարոն Սեւանն անցնող կիրակի հրաժարվեց ՄԱԿ-ում իր պաշտոնից եւ իր փաստաբանի միջոցով հայտարարեց, թե իրեն փորձում են դարձնել քավության նոխազ։ ՄԱԿ-ը ՚՚Նավթ պարենի դիմաց՚՚ ծրագիրը ստեղծել է տնտեսական սահմանափակումների դեմ մաքառող Իրաքի քաղաքացիներին օգնելու նպատակով։

Ծրագրի նախկին ղեկավար պարոն Սեւանը մեղադրվում է նավթի վաճառքի պայմանագրերը Եգիպտացի մի վաճառականի շնորհելու եւ 150 հազար դոլարից ավելի գումար ստանալու մեջ։ Այս մասին պարոն Վոլքերն ասել է.

՚՚Պարոն Սեւանի Նյու Յորքի բանկային հաշիվներում ներդրված կանխիկ գումարներին ուղեկցել են հեռախոսազանգեր՚՚։

Հանձնաժողովն իր զեկույցում նաեւ հայտնել է, որ ՄԱԿ-ի նախկին պաշտոնատարներից Ալեքսանդր Յակովլեւը փաստորեն ստացել է մոտավորապես մեկ միլիոն դոլար կաշառք։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի գրասենյակը հայտնել է, թե ԱՄՆ-ի դատախազների խնդրանքով պարոն Յակովլեւին զրկել է դիվանագիտական անձեռնմխելիությունից։ Սակայն Գլխավոր քարտուղարի աշխատակազմի պետ Մարկ Մալոխ Բրաունը հայտնել է, թե հետաքննությունը կենտրոնացել է միայն մի քանի անհատների վրա։

՚՚…հետաքննությունն ուշադրություն չի դարձրել աշխարհի բազմաթիվ ընկերությունների վրա, որոնք ամեն օր շատ ավելի մեծ չափով էին օգտվում՝ քան ՄԱԿ-ի որեւէ պաշտոնատար՚՚։

Զեկույցում նաեւ ասվում է, թե ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Կոֆի Անանը թերեւս ավելին է իմացել իր որդու աշխատած ընկերությանը ՚՚Նավթ պարենի դիմաց՚՚ ծրագրով շահութաբեր մի պայմանագիր շնորհվելու մասին, քան նախկինում ընդունում էր։

XS
SM
MD
LG