Մատչելի հղումներ

Թռչնագրիպի համաճարակի վտանգը տագնապեցուցիչ է...


Թռչնագրիպ հիվանդությունը, որն Ասիայում հիմնականում վնասում է թռչուններին, թերեւս կարող է տարածվել աշխարհի բնակչության շրջանում։

Թռչնագրիպի դեպքերն ավելի ու ավելի հաճախակիանում են եւ առկա է երկյուղ, որ այն տարածվում է։ Վերջերս թռչնագրիպի դեպքեր գրանցվեցին Ռուսաստանում։ Եթե հիվանդության մանրէն փոխարկվի մի ձեւի, որը դյուրությամբ կարող է փոխանցվել մեկ անձից մյուսին, այդ դեպքում այն արագորեն կարող է վերածվել համաճարակի, ասում է դոկտոր Բրուս Գելինը, որը պատվաստումների ազգային ծրագրի գրասենյակի տնօրենն է։ Այս մասին նա ասել է.

՚՚Մենք համաճարակի վտանգի մեջ ենք։ Գիտենք, որ մանրէն կարող է ձեռք բերել մարդկանց շրջանում արագորեն տարածվելու ունակություն։ Այս մանրէներն անցյալում հարուցել են համաճարակներ, ու թերեւս նույնը տեղի կունենա ապագայում՚՚։

Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ դոկտոր Պատրիկ Քելին բացատրում է մանրէի տարածվելու շուրջ մտահոգության պատճառը.

՚՚Առկա է երկյուղ, որ որեւէ անհատ միաժամանակ կարող է հիվանդանալ թռչնագրիպով եւ սովորական գրիպի մանրէով։ Գենետիկական ձեւափոխության հետեւանքով գրիպի այդ երկու մանրէներից կարող է առաջանալ մանրէի մի նոր տեսակ, որը կարող է լինել ավելի արագորեն տարածվող եւ է՛լ ավելի մահացու՚՚։

1968-ից մինչեւ 1969 թվականը տեւած Հոնգ Կոնգի եւ 1957-ից մինչեւ 1958 թվականը տարածված Ասիական գրիպներն առաջացան սովորական մանրէների եւ թռչնագրիպի մանրէների համակցությունից։ Սակայն 1918-ից 1919 թվականը հիսուն միլիոն կյանք խլած Իսպանական գրիպի համաճարակի պատճառն անհայտ է։ Դոկտոր Քելին ավելացնում է.

՚՚Համաճարակը կանխելու համար անհրաժեշտ է զորացնել աշխարհի երկրներում հիվանդության սկսվելուն հետեւելու համակարգը, որպեսզի նոր տեսակի մանրէ առաջանալու դեպքում հնարավորինս արագորեն ճանաչենք այն՚՚։

Հիվանդության տարածումը կանխելու միջոցներից են հավանաբար կարանտինը, մանրէի դեմ դեղորայքը եւ անհրաժեշտության դեպքում այլ երկրների օգնելը։ Դոկտոր Գելին նշում է, թե բոլոր երկրները պետք է պատրաստ լինեն դիմակայելու հիվանդությունը.

՚՚Համաճարակը կարող է վնասել բոլոր երկրներին, այդ իսկ պատճառով նրանք նախօրոք պետք է ստեղծեն ծրագրման իրենց մեխանիզմը՚՚։

Փորձագետները նշում են, որ գրիպի համաճարակը առողջապահության համաշխարհային ճգնաժամ լինելուց բացի նաեւ հարուցելու է սոցիալական եւ տնտեսական ճգնաժամ։

XS
SM
MD
LG