Մատչելի հղումներ

Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը


Միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ հարաբերությունների ճգնաժամին վերջ դնելու նպատակով Եւրամիությունն առաջարկում է մի քանի այլընտրանքներ։

Չնայած անարդյունավետ ելքին, Պեկինում շարունակվում են միջուկային խնդրի շուրջ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները։ Փհենյանի բանագնացների ղեկավարն անցած հինգշաբթի օրն ասել է, թե բանակցություններում համաձայնության չեն հանգում միջուկային խաղաղ գործունեություն ծավալելու իր կառավարության իրավունքի շուրջ։

Միացյալ Նահանգների բանագնաց Քրիս Հիլն ասել է, թե Վաշինգտոնը դժկամ է Հյուսիսային Կորեային երաշխավորելու այդ իրավունքը։ Նա ասել է.

՚՚Մենք մտահոգ ենք, որ ռեակտորը, որը հրապարակայնորեն նկարագրվում էր որպես ուսումնասիրությունների միջոց, պարզվեց, որ զենքեր արտադրող համալիր է։ Այս խնդիրը պետք է մտահոգություն պատճառի բոլորին՝ ովքեր զբաղվում են Փհենյանի միջուկային էներգիայի հարցով՚՚։

Պարոն Հիլն ասել է, թե բանակցությունները դանդաղ են զարգանում վեց երկրների միջեւ։ Թվում է, թե Հյուսիսային Կորեայի եւ Իրանի հետ բանակցություններում փորձ է արվում հավասարակշել խաղաղ նպատակներով միջուկային ծրագիր ունենալու այդ երկրների պնդումը։ Պարոն Հիլն ավելացրել է.

՚՚Իրանն այս մասին արտահայտվել է տարբեր ժամանակներում։ Սա ե՛ւս մեկ օրինակ է, թե ինչու՛ պետք է զբաղվենք այս խնդիրներով՚՚։

Եւրոպացի բանագնացներն Իրանին առաջարկել են աջակցություն նրա միջուկային երկարաժամկետ ծրագրին։ Ծրագրով Իրանին կթույլատրվի հարստացված ուրանի պաշարներ ստանալ այլ երկրներից, եթե Թեհրանը վերադարձնի իր ռեակտորի խարամաձողերը։ Միացյալ Նահանգներն աջակցում է ծրագրին։ Իրանը հայտնել է, թե շուտով կպատասխանի այդ առաջարկին։

Իրանը նաեւ հայտնել է, թե մասամբ վերսկսելու է միջուկային իր ծրագիրը։ Դրանից հետո մեկ քայլ է մնում մինչեւ ուրանի հարստացումը, որը կարող է օգտագործվել միջուկային զենքեր պատրաստելու համար։ Դա կարող է հանգեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ սահմանափակումներ հաստատվելուն։

XS
SM
MD
LG