Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների հասարակական դիվանագիտությունը


Նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում աշխարհում Միացյալ Նահանգների մասին հասարակական բացասական կարծիքը փոխելու նպատակով։

Միացյալ Նահանգների կողմից Իրաք առաջնորդված ներխուժումն ու Իսրայելին աջակցությունը հակաամերիկյան զգացումները սաստկացրել է ոչ միայն մահմեդական երկրներում՝ այլեւ Միացյալ Նահանգների դաշնակից երկրներում։ Հարցախույզներ անցկացնող Փյու Կենտրոնի աշխատակից Ջոդի Ալենն ասել է, թե Ամերիկայի նկարագիրը բարելավելն այժմ դյուրին չի լինի։

՚՚Սա մեկ օրում հնարավոր չէ անել։ Անհրաժեշտ է ոչ միայն խոսքով՝ այլեւ գործով ապացուցել, որ իմպերիալիստական երկիր չենք՚՚։

Փյու Կենտրոնը վերջերս հարցախույզ է անցկացրել տասնվեց երկրների տասնյոթ հազար քաղաքացիների շրջանում։ Միայն Ինդոնեզիայում ու Հնդկաստանում են դրական կարծիք հայտնել ԱՄՆ-ի մասին։ Ջոդի Ալենն ասել է, թե հասարակական դիվանագիտության հաջող ծրագիրը պետք է շեշտի Միացյալ Նահանգների դրական քաղաքականությունը։

՚՚Ինչպես կարելի է համոզվել ցունամիից տուժած երկրներին օգնության օրինակից, գործը խոսքից ավելի կարեւոր է։ Մենք պետք է այլ երկրների ցույց տանք, որ ըմբռնու՛մ ենք նրանց մտահոգությունը եւ ձգտում են օգնել նրանց՚՚։

Նախագահ Բուշի երկարամյա խորհրդական Կարեն Հյուզը Սենատի ունկնդրության ժամանակ ընդունեց, որ դյուրին չի լինի փոխել մարդկանց վերաբերմունքը։

՚՚Ընդունում եմ, որ աշխատանքը դժվար կլինի կատարելը։ Ըմբռնումները դյուրությամբ ու արագորեն չեն փոխվում։ Օտար երկրների հասարակությունների հետ հաղորդակցվելը կարեւոր է մեր արտաքին քաղաքականության հաջողության համար՚՚։

Կարեն Հյուզն ասաց, որ հասարակական դիվանագիտության գործում նաեւ կընդգրկի մասնավոր հատվածին։

՚՚Ամերիկյան ընկերություններն ու համալսարանները, հաստատությունները եւ զբոսաշրջության արդյունաբերության աշխատողներն ամեն օր շփվում են աշխարհի տարբեր երկրների քաղաքացիների հետ։ Ես ջանալու եմ այդ գործում ամբողջովին ներգրավել մասնավոր հատվածին՚՚։

Մայքլ Հըրլին ահաբեկչության դեմ պայքարի փորձագետ է։ Այս մասին նա ասել է հետեւյալը.

՚՚Որպես ամերիկացիներ, մենք ցանկանում ենք գործնական եւ արագ լուծումներ խնդրին։ Սակայն այս խնդիրներն արագ լուծում չունեն եւ դրա համար անհրաժեշտ է ռազմավարություն, երկարաժամկետ տեսլական, համարձակ քայլեր եւ ազնվություն՝ գործում, կամ խոսքում՚՚։

Նախագահ Բուշի առաջին վարչակազմի տարիներին արտաքին գործոց նախարարությունը ֆինանսավորեց մի արշավ, որը կոչվում էր ՚Ընդհանուր արժեքներ՚՚։ Այն ուղղված էր արաբ լսարաններին եւ արաբական ծագմամբ ամերիկացիներին։

Արաբախոս երկրների հետ հաղորդակցվելու Միացյալ Նահանգների ջանքերն իրագործվում են ՚՚Ալ Հուրա՚՚ հեռուստակայանի եւ ՚՚Սավա՚՚ ռադիոկայանի միջոցով, որը եթեր է արձակում լուրեր ու երաժշտություն։ Մերձավոր արեւելքում կատարված հարցախույզների համաձայն, երկու ընկերություններն էլ որոշ հաջողություններ են արձանագրել իրենց աշխատանքում։

Կարեն Հյուզն ասել է, թե այլ երկրների կողմից հասկացվել ջանալուց առաջ, Միացյալ Նահանգները նախ ի՛նքը պետք է փորձի հասկանալ նրանց։

XS
SM
MD
LG