Մատչելի հղումներ

Սիրիան չարաշահել է ՚՚Նավթ՝ պարենի դիմաց՚՚ ծրագիրը


Միացյալ Նահանգների հետաքննիչների համաձայն, Սիրիայի կառավարությունը նույնպես շահույթ է ստացել ՄԱԿ-ի ՚՚ Նավթ՝ պարենի դիմաց՚՚ ծրագրից։

Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարարության կողմից Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովին հանձնված փաստաթղթերը ցույց են տալի Սիրիայի դերը ՚՚Նավթ՝ պարենի դիմաց՚՚ աղմկահարույց գործում, երբ նավթից ստացված գումարները փոխանցվել են բանկային մասնավոր հաշիվների։ Հանձնաժողովի նախագահ Իլիանա Ռոս-Լեհտինենն ասում է, թե Սիրիայի բանկերն օգնել են միլիարդավոր դոլարի գումար լվանալ Իրաքի ղեկավար Սադամ Հուսեյնի համար։

՚՚Նավթ՝ պարենի դիմաց՚՚ ծրագիրը դարձավ զարմանալիորեն կոռումպացված, երբ ՄԱԿ-ի եւ օտարերկրյա պաշտոնատարներն ու կառավարությունները մշտապես չարաշահում էին համակարգը եւ խոշոր կաշառքներ էին վերցնում Իրաքի վարչակարգից՚՚։

Միացյալ Նահանգների եկամուտների ներքին ծառայությունը քրեական հետաքննություն սկսեց Սիրիայի Առեւտրի բանկի գործունեության շուրջ։ Արտաքին գործոց նախարարի փոխ-օգնական Էլիզաբեթ Դիբըլն այս մասին ասում է.

՚՚Իրաքի նավթի շուկայահանման հարցերով զբաղվող կազմակերպության՝ ՍՈՄՈ-յի հաշվումների համաձայն, Իրաքի եւ Սիրիայի միջեւ տասնութ ամսվա առեւտրից գոյացել է երեք միլիարդ չորս հարյուր միլիոն դոլարի ապօրինի գումար՚՚։

Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարարությունը Սիրիայի վրա ճնշում է գործադրում, որպեսզի ապօրինաբար ձեռք բերած գումարները վերադարձնի Իրաքի Զարգացման ֆոնդին։ Սիրայի նախագահ Բաշար Ալ-Ասադը վերադարձրել է 120 միլիոն դոլար, սակայն հետաքննիչների կարծիքով դեռեւս մնում է վերադարձնելու 250 միլիոն դոլար։ Վիկտոր Քոմրասն Ալ Քաիդայի գործունեությանը հետեւող ՄԱԿ-ի նախկին խմբի անդամ է.

՚՚Պարոն նախագահ, տիկին նախագահուհի, դեռեւս խոշոր գումարներ են մնացել Սիրիայում, Լիբանանում, Մերձավոր արեւելքում։ Կարող ենք միայն ենթադրել, որ այդ գումարների մի մասով ներկայումս աջակցում են Իրաքի ապստամբներին՚՚։

ՄԱԿ-ի ՚՚Նավթ՝ պարենի դիմաց՚՚ ծրագիրը սկսվեց 1990 թվականին, Սադամ Հուսեյնի՝ Քուվեյթ ներխուժելուց հետո։ Որոշ տվյալների համաձայն, ԱՄՆ-ի դաշնակից որոշ թվով երկրներ, ինչպես օրինակ, Հորդանանը, Եգիպտոսը եւ Թուրքիան են, նույնպես ապօրինաբար նավթ են գնել Իրաքից։ Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարարությունը հայտնել է, թե խորհում է Սիրիայի դեմ սահմանափակումներ հաստատել, որպեսզի վերջինս վերադարձնի նավթի ապօրինի առեւտրից ստացած շահույթի մնացած մասը։

XS
SM
MD
LG