Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների արհմիությունների ֆեդերացիան պառակտվում է


Միացյալ Նահանգներում արհմիութենական երկու խոշորագույն կազմակերպություններն իրենց կապերը խզեցին արհմիությունների ֆեդերացիայի հետ, որով վտանգեցին դրա ապագան։

Բեռնատար ավտոմեքենաների վարորդների ու ծառայության բնագավառի երեք միլիոն աշխատողների ներկայացնող կազմակերպություններն իրենց կապերը խզեցին արհմիությունների ամերիկյան ֆեդերացիայի հետ։ Վարորդների արհմիության նախագահ Ջիմի Հոֆան այս մասին ասում է.

՚՚Արհմիությունների ամերիկյան ֆեդերացիան ամեն տարի կորցնում է անդամներ։ Անհրաժեշտ է վերակազմակերպել արհմիութենական շարժումը՚՚։

Ակնկալվում է, որ արհմիութենական ե՛ւս երկու կազմակերպություններ հայտարարելու են մայր կազմակերպության հետ իրենց կապերը խզելու մասին։ Արհմիութենական այս կազմակերպությունները արհմիությունների ֆեդերացիայի ղեկավարներին մեղադրում են կազմակերպչական աշխատանքների վրա բավարար գումար չծախսելու մեջ։ Խոսնակ Աննա Բըրգըրն ասում է, թե իրենց նպատակն աշխատողների իրավունքները բարելավելն է.

՚՚Մենք ֆեդերացիայի հետ համամիտ ենք այն հարցում, թե ի՞նչ ենք ցանկանում աշխատավոր ընտանիքներին։ Նրանց հետ տարաձայն ենք մեր նպատակներին հասնելու ուղիների հարցում՚՚։

Արհմիութենական այս երկու կազմակերպությունների անդամների թիվը հասնում է երեք միլիոնի։ Ֆեդերացիան ունի տասներեք միլիոն անդամ։ Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի պրոֆեսոր Չարլզ Քարվըրն ասում է, թե սա խոշորագույն անջատումն է արհմիությունների ֆեդերացիայից 1938 թվականից ի վեր։

՚՚Նրանք կամ ամեն ինչ նորից կսկսեն, ինչպես արեցին 30-ական թվականներին, կամ էլ կշարունակեն նվազել եւ կդառնան գրեթե ավելորդ այս երկրում՚՚։

Ֆեդերացիայի նախագահ Ջոն Սվինին երկու կազմակերպություններին խստորեն քննադատել է արհմիությունների ամերիկյան ֆեդերացիայի հետ իրենց կապերը խզելու համար։

՚՚Արհմիութենական շարժման պառակտման հետեւանքով թերեւս կպարտվենք աշխատողների իրավունքների համար մեր մղած պայքարում՚՚։

Սակայն փորձագետներն ասում են, թե արհմիութենական կազմակերպությունների աշխատանքը նահանջ էր ապրում տարիներ շարունակ։ Համաշխարհայնացման, ավտոմատացման եւ այլ պատճառներով արհմիության անդամ հարյուր հազարավոր անձինք զրկվեցին աշխատանքից։ Ներկայումս, մասնավոր ընկերություններում արհմիության անդամ է դրանց աշխատուժի մոտավորապես ութ տոկոսը։

Տնտեսական քաղաքականության ինստիտուտի տնտեսագետ Ջարեդ Բերնստայնն այս մասին ասում է հետեւյալը.

՚՚Մեր տնտեսությունում արհմիությունների ներկայությունը թուլանալու հետեւանքով տնտեսական անհավասարությունը խիստ ավելացել է՚՚։

Արհմիությունների անդամների թվի նվազելու հետեւանքով նվազել է նաեւ աշխատատեղերի ապահովությունը։ Այս մասին պարոն Քարվըրն ասում է.

՚՚Հույս ունեմ, որ արհմիությունները կվերադառնան իրենց արմատներին եւ կստեղծեն նոր կազմակերպություն։ Նրանք նոր աշխատողներին պետք է դիմեն ոչ թե որպես ավանդական արհմիություններ՝ այլ արհեստավարժ կազմակերպություններ՚՚։

Որոշ փորձագետներ ասում են, թե արհմիությունների ֆեդերացիայի մասնատվելը կարող է վերակենսունականացնել արհմիութենական շարժումը, սակայն ուրիշների կարծիքով կացությունը կարող է վատթարանալ։

XS
SM
MD
LG