Մատչելի հղումներ

Ելակի առողջարար հատկությունները սրտանոթային հիվանդությունների վտանգը նվազեցնելու գործում


Մի նոր ուսումնասիրության համաձայն, ամեն օր ելակ ուտելը կարող է զգալիորեն նվազեցնել արյան մեջ պլազմային հոմոսիստեինի արտադրությունը, որի թույլատրելիից բարձր մակարդակները նպաստում են սրտանոթային հիվանդությունների, այդ թվում ինֆարկտի եւ կաթվածի առաջացմանը։ Բժիշկ Ջին Սփիլլերն ասում է.

“Ուսումնասիրել ենք ելակի ազդեցությունը հոմոսիստեինի տարբեր մակարդակներ ունեցող անձանց վրա։ Պարզեցինք, որ ելակ ուտելը նպաստել է հոմոսիստեինի թույլատրելիից բարձր մակարդակի նվազեցմանը”։

Սֆերա հաստատությունն իր կողմից արված ուսումնասիրության շրջանակներում 12 շաբաթվա ընթացքում 24 առողջ անձանց տվել է մրգերի, բանջարեղենի եւ հացահատկեղենի նվազ պարունակությամբ սնունդ։ 4 շաբաթ անց չափվել են այդ անձանց պլազմայի մակարդակները։ Ուսումնասիրության հաջորդ 8 շաբաթների ընթացքում ուսումնասիրության մասնակիցներին ամեն օր տրվել է ելակ։

“Ուսումնասիրության մասնակիցներին 8 շաբաթ շարունակ տրվել է ելակ եւ չափվել է հոմոսիստեինի մակարդակը նախքան այդ ու դրանից հետո։ Հայտնաբերվել է, որ 9-ից բարձր հոմոսիստեինի մակարդակ ունեցող անձանց հոմոսիստեինը նվազել է։ Իսկ դա շատ լավ նշան է, քանի որ հոմոսիստեինը կապված է սրտանոթային հիվանդության առաջացման վտանգի հետ”։

Պլազմայի մակարդակները մեկ անգամ եւս չափվել են ուսումնասիրության մասնակիցների շրջանում։ Սֆերա հաստատության կողմից արված ուսումնասիրությունը եզրահանգել է, որ ելակի օգտագործումը նպաստում է պլազմային հոմոսիստեինի մակարդակների կարգավորմանն արյան մեջ։

“Սա կարեւոր է, քանի որ հոմոսիստեինի բարձր մակարդակը սրտանոթային հիվանդությանը նպաստող գործոններից մեկն է”։

Ելակը հարուստ է մանրաթելով, պոտասիումով եւ հակաօքսիդանտներով։ Վիտամին “ցե” պարունակող հակաօքսիդանտները կարեւոր են անձի լավ առողջության համար։ Վաճառվող մրգերի շրջանում շաքարի նվազագույն պարունակությունն ունեցող մրգերից մեկը ելակն է, այդ իսկ պատճառով նպատակահարմար է ցանկացած սննդառեժիմում դրանց ընդգրկելը։

“Ելակը մանրաթելի հիանալի աղբյուր է, իսկ մանրաթելն օգնում է խոլեստերինի մակարդակի նվազեցմանը եւ հաստ աղիքի լավ աշխատանքին։ Ընդհանուր առմամբ, հատապտուղները չափազանց օգտավետ են առողջության համար։ Հնարավորություն դեպքում ելակ ցանկալի է օգտագործել կլոր տարին”։

ԱՄՆ-ում ելակ կարելի է գնել կլոր տարին։ Ելակի բերքի 88 տոկոսն աճեցվում է Կալիֆոռնիայում։

XS
SM
MD
LG