Մատչելի հղումներ

Ռմբահարումներն Իրաքում սաստկանում են


Միացյալ Նահանգների զինվորներն Իրաքում աշխատում են նվազեցնել հարաճունորեն ավելացող ճանապարհամերձ եւ անձնասպան ռմբահարումների թիվը։

Հեռավոր կառավարման խաղալիքներից մինչեւ անթել հեռախոսներն օգտագործվում են ամերիկացի զինվորների սպանելու համար։ Բաղդադում գտնվող ԱՄՆ-ի զինվորական կենտրոնատեղիում դրա մասին ապացույցն ուսումնասիրվում է հազարավոր ռումբերով։ Չպայթած սարքերը պայթեցվում են ռոբոտի միջոցով։

Հրամանատար Ֆրեդ Գեյգանն ասում է, թե ռմբահարողները կատարելագործվել են իրենց գործում։

՚՚Ռմբահարումների թիվն ու կատարելությունն աննախադեպ է՚՚։

Ընդամենը երկու տարում, ապստամբներն Իրաքում մեծ վարպետության են հասել ռմբահարման գործում։ Նրանք ռմբահարումները կատարում են մի քանի կիլոմետր հեռավորությունից, ակնթարթորեն։ Պայթուցիկների փորձագետ Քեն Քիշոլմն ապստամբների մասին ասում է հետեւյալը.

՚՚Պայթուցիկներ պատրաստելը նրանք կարող են սովորել ինտերնետից՚՚։

ԱՄՆ-ի Միսիսիպիի նահանգի Շելբիի ճամբարում զինվորները սովորում են խուսափել ռումբերից եւ պայթուցիկ այլ սարքերից։

՚՚Այժմ, երբ ինչ-որ բան ձեզ հարկադրել է կանգ առնել ճանապարհին, դա նշանակում է, որ ապստամբները ցանկանում են որպեսզի հենց այդտեղ կանգ առնեք՚՚։

Կապիտան Քեւին Օ՚ Քոնելլը մարզում է Իրաք գնացող այս զինվորներին։

՚՚Պայթուցիկ սարքերն ամենամեծ սպառնալիքն են Իրաքում։ Սակայն այդ սարքերը խիստ տարբեր են միմյանցից՚՚։

Չնայած մասնագետները բավականին տեղեկություն ունեն այդ սարքերի մասին, այնուամենայնիվ, դժվար է գտնելն ու ձերբակալելը դրանք պայթեցնող անձանց։

XS
SM
MD
LG