Նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը Միջին Ասիայում դիմակայում է ժողովրդավարացման եւ ահաբեկչության դեմ պայքարի դժվարին նպատակ։
Սեպտեմբերի տասնմեկի ահաբեկչական հարձակումներից հետո նախկին Խորհրդային հանրապետություններից Ուզբեկստանն ու Ղըրղզստանը ԱՄՆ-ին հենակայաններ տրամադրեցին Աֆղանստանում նրա ռազմական գործողություններին աջակցելու համար։ Սակայն Միջին Ասիայում բուռն իրադարձությունները վտանգեցին այս հենակայանների ապագան։
Նախագահ Բուշի վարչակազմը ՄԱԿ-ի հետ կոչ արեց միջազգային հետաքննություն անցկացնել, Ուզբեկստանում արյունալի իրադարձություների մանրամասները պարզելու համար։ Դա սրեց հարաբերությունները Տաշքենդի հետ։ Բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով, դա պատճառ հադիսացավ, որպեսզի Շանհայի համագործակցության կազմակերպությունն ԱՄՆ-ին կոչ անի ժամանակացույց նշանակել իր զինուժը կազմակերպության անդամ երկրների տարածքից դուրս բերելու համար։
Նախագահ Բուշի վարչակազմը մերժել է կազմակերպության խնդրանքը, վկայակոչելով Ուզբեկստանի եւ Ղըրղզստանի հետ ԱՄՆ-ի երկկողմ պայմանագրերը։ ԱՄՆ-ի բանակի միացյալ սպայակույտի պետ, գեներալ Մայերսն այս մասին ասել է.
՚Նրանց, ովքեր կարող են անվտանգություն եւ կայունություն բերել Միջին Ասիային, պետք է ողջունել՚՚։
Միջին Ասիայի հարցերով Ազգային պաշտպանության համալսարանի աշխատակից Յուջին Ռամորն այս մասին ասել է.
՚՚Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտության եւ Ուզբեկսանում ու Ղըրղզստանում նրա զինուժի ներկայության շնորհիվ Միջին Ասիայում վերահաստատվեցին անվտանգությունն ու կայունությունը՚՚։
Հանուն միջազգային խաղաղության Կարնեգի հաստատության փորձագետ Մարթա Բրիլն այս մասին ասել է հետեւյալ.
՚՚Բուշի վարչակազմը պետք է որոշի, թե Ուզբեկստանում ԱՄՆ-ի հենակայանն արդյո՞ք այնքան կարեւոր է, որպեսզի անտեսի մարդու իրավունքների ոտնահարումներն այդ երկրում՚՚։
Սակայն Յուջին Ռամորն ասել է, թե Ուզբեկստանը չափազանց կարեւոր դաշնակից է այդ տարածաշրջանում եւ պետք չէ նրանից հրաժարվել մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով։
՚՚Կարծում եմ, այլընտրանք չունենք։ Պետք է շարունակենք մեր հարաբերությունները Ուզբեկստանի հետ՚՚։
Վերլուծաբաններն ասում են, թե հաշվի առնելով այդ տարածաշրջանի կարեւոր դերը ահաբեկչության դեմ պայքարում եւ այնտեղ նավթի ու գազի պաշարների առկայությունը, ԱՄՆ-ը մոտ ապագայում իր զինուժը չի հեռացնի այնտեղից։