Մատչելի հղումներ

Հնդկաստանի վարչապետի ելույթը ամերիկյան Կոնգրեսում


Միացյալ Նահանգներ այցելած Հնդկաստանի վարչապետը փորձեց համոզել Միացյալ Նահանգների Կոնգրեսին, որ իր երկրին հնարավորություն պետք է տրվի օգտվելու ամերիկյան միջուկային տեխնոլոգիայից։

Միացյալ Նահանգների Կոնգրեսի համատեղ նիստում ելույթ ունենալը Ամերիկայի ամենամոտիկ դաշնակիցներին վերապահված պատիվ է։ Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգի առաջնահերթ նպատակն էր Կոնգրեսին հավաստիացնել, որ Հնդկաստանին կարելի է վստահել գաղտնի միջուկային տեխնոլոգիայի փոխանցման հարցում։ Նա ասասց.

՝՝Հնդկաստանի վարքագիծը միջուկային զենքերի չտարածման հարցում անսխալական է։՝՝

Անցնող երկուշաբթի, ԱՄՆ-ի նախագահը համաձայնեց Կոնգրեսին դիմել ամերիկյան միջուկային տեխնոլոգիայի արտահանումը դեպի Հնդկաստան թույլ տալու հարցով։ Ամերիկյան օրենքն արգելում է նման տեխնոլոգիայի տրամադրումը այն երկրներին, որոնք չեն ստորագրել միջուկային զենքերի չտարածման միջազգային պայմանագիրը։

Պրն. Սինգը, չնայած մտահոգիչ է համարում այն որ Հնդկաստանն ու նրա հարեւան Պակիստանը միջուկային զենքեր ունեն, այդուհանդերձ նա ասում է, որ իր երկիրը նման զենքերի չտարածման չափանիշները միշտ էլ հարգել է։ Նա ասաց.

՛՛Մենք ընդունված չափանիշները հարգել ենք, հակառակ այն բանի, որ մեր հարեւան երկրներում մենք ականատես ենք եղել միջուկային զենքերի անարգել տարածմանը։՛՛

Սակայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մշտական տեղ ձեռք բերելու Հնդկաստանի ցանկության առնչությամբ, Պրն Սինգը չկարողացավ շահել Նախագահ Բուշի պաշտպանությունը։ Նա ասաց.

՝՝Աշխարհի ամենամեծ ժողովրդավարական երկրի ձայնը անվտանգության խորհրդում անլսելի թողնել չի կարելի, մանավանդ երբ ՄԱԿ-ը վերակազմակերպվում է։ ՝՝

Ամերիկյան ներդրումները Հնդկաստանում կօգնեն նաեւ ամերիկյան ընկերություններին նվազեցնելու իրենց ծախսերը եւ դառնալու ավելի մրցողունակ համաշխարհային շուկայում։ Այս ներդրումներից ստացած եկամուտը կընդլայնի ԱՄՆ-ից Հնդկաստանի կատարած գնումների ծավալը։

Սպիտակ տան հանդիսավոր արարողությունները վկայում են որ այժմ երբ Հնդկաստանի տնտեսական եւ ռազմական հզորությունը աճում է, ԱՄՆ-ը ավելի մեծ կարեւորություն է տալիս փոխադարձ հարաբերությունների զարգացմանը։ Երկու երկրների ղեկավարներն ընդունել են, որ Սառը Պատերազմի շրջանի լարվածությունից հետո ամերիկա-հնդկական հարաբերությունները փոխակերպվել են, հատկապես ահաբեկչության դեմ պայքարի , ինչպես նաեւ ժողովրդավարության հանձնառության հարցում։

XS
SM
MD
LG