Մոտ հինգ ամիս առաջ Մայքլ Չերտոֆը դարձավ 18Օ.ՕՕՕ անդամանոց անձնակազմով այս գործակալության ղեկավարը։ Այս պաշտոնին նշանակվելուն պես նա վերանայեց Միացյալ Նահանգների անվտանգությունը պաշտպանելու նպատակով ստեղծված այս կազմակերպության կարիքները։ Նա ասաց.
"Երկրի անվտանգության հզորացումը մեր նպատակն է, սակայն ո՛չ ամեն գնով։ ԱՄՆ-ի անվտանգության ռազմավարությունը պետք է նպաստի ամերիկացիների ազատությանը, բարգավաճմանը, ինչպես նաեւ դյուրաշարժությանն ու գաղտնիության պահպանման անհատի իրավունքներին"։
ԱՄՆ-ի պաշտոնատարների կողմից կազմակերպվել են ահաբեկչական հարձակման դեպքում պատրաստվածությունը ստուգող վարժություններ, որոնցից է նաեւ Պենտագոնում անց կացված այս վարժությունը։ Նախարար Չերտոֆի բարեփոխումների ծրագիրը նախատեսում է ուժեղացնել համերկրային պատրաստվածությունը կենսաբանական եւ միջուկային հարձակման դեպքում։
Յոթը կետերից կազմված բարեփոխումների ծրագրում ներառված է նաեւ գաղտնի հետախուզության նոր ղեկավարի եւ կենսաբանական հարձակումը կանխող բժշկական պաշտոնատարի նշանակման հարցը։ Ծրագրում առաջնային տեղ է տրվում նաեւ ԱՄՆ-ի օդանավակայանների անվտանգությանն ու զանգվածային փոխադրամիջոցների ցանցի հզորացմանը։ Նախարար Չերտոֆն ասաց.
"Երկրորդ կարեւորագույն կետն առնչվում է անվտանգության ուժեղացմանը, ինչպես սահմաններձ շրջաններում, այնպես էլ երկրի ներսում, եւ ներգաղթի քաղաքականության բարելավմանը"։
Նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը ենթարկվել է սուր քննադատության ընդդիմադիր դեմոկրատական կուսակցության անդամների կողմից, համանման հանձնարարություններին ավելի քան մեկ տարի առաջ ընթացք չտալու հետեւանքով։