Մատչելի հղումներ

՚՚Մանհեթեն՚՚  ծրագրի տարեդարձը


Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի կառավարությունը Նյու Մեքսիկոյի նահանգի լեռներում կառուցեց Լոս Ալամոս փակ քաղաքը, ուր ստեղծվեց աշխարհում առաջին ատոմային ռումբը, որը փորձարկվեց 1945 թվականի հուլիսի տասնվեցին։

Ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները հիմնականում տարվում էին Եւրոպայից ներգաղթած գիտնականների խմբի կողմից։ Այն հայտնի էր Մանհաթենի ծրագիր անվամբ։ ԱՄՆ-ը ջանում էր ատոմային զենք ստեղծել նացիստական Գերմանիայից առաջ։

Ջեյ Վեշլերը Մանհաթենի ծրագրի համար փորձարկեց պայթուցիկներ։ Սկզբում նա նույնիսկ վստահ չէր, թե ինչի վրա է աշխատում։ Լոս Ալամոսի փորձակայանի համալիրում ապրում եւ աշխատում էին ութ հազար անձինք։ Նրանց նույնիսկ չէր թույլատրվում հայտնել իրենց քաղաքի անունը։

Փորձակայանում ստեղծվեց ատոմային երեք ռումբ, որոնցից առաջինը փորձարկվեց Նյու Մեքսիկոյի նահանգում, իսկ մյուս երկուսը նետվեցին Ճապոնիայի Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա։ Պարոն Վեշլերը դեմ չէր միջուկային ռումբն օգտագործել Ճապոնիայի կառավարության դեմ կռվելու համար։

՚՚Պատերազմը ռումբերի միջոցով ավարտելը թվում էր չափազանց խելամիտ՝ հատկապես այդ ժամանակ՚՚։

՚՚Ամերիկացիների կարծիքով սա պատերազմն արագորեն ավարտելու միակ միջոցն էր։ Այս տեսանկյունից նրանք կարծում էին, թե սա չափազանց արդարացուցիչ գործողություն էր՚՚։

Ամերիկյան համալսարանի պատմության պրոֆեսոր Փիթր Կուզնիկն ասում է, թե իր կարծիքով ամերիկացիները սխալ էին։ Նա այն կարծիքին է, որ ամերիկյան կառավարությունը չափազանցացրել էր կացությունը։

՚՚ Ռազմական տեսանկյունից դա արդարացում չունի։ Ճապոնացիները փորձում էին հանձնվել՚՚։

Իսկ զինվորական որոշ ղեկավարների կարծիքով, ատոմային ռումբ գործադրելը բարոյապես սխալ էր։

Պատերազմից հետո Լոս Ալամոսի փորձակայանը շարունակեց աշխատել միջուկային ռումբեր ստեղծելու վրա։ Պարոն Վեշլերն այնտեղ շարունակեց աշխատել սառը պատերազմի տարիներին։

Այն ժամանակ առկա էր այն փաստարկը, որ ԱՄՆ-ն ու Խորհրդային Միությունը չեն համարձակվի պատերազմ սկսել միջուկային զենքերով։ Փիթր Կուզնիկի կարծիքով դա սխալ էր։

Իսկ պարոն Վեշլերն այն կարծիքին է, որ սառը պատերազմից հետո անհրաժեշտ էր վերացնել միջուկային բոլոր զենքերը։ Սակայն Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի աշխատակցուհի Քյաթլին Մքգինիսն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի միջուկային զինանոցն անհրաժեշտ է։

՚՚Մեզ անհրաժեշտ է ունենալ միջուկային զենքեր, քանի որ այլ երկրներ ունեն այդպիսի զենքեր։ Բացի այդ, մենք ուրիշ երկրների եւ մեր դաշնակիցներին պաշտպանում ենք հակամարտություններից՚՚։

Ներկայումս Լոս Ալամոսի համերկրային փորձակայանը չի պատրաստում ռումբեր։ Չնայած փորձակայանն իր գիտահետազոտական ուսումնասիրությունների մի մասի մասին տեղյակ է պահում հասարակությանը, դրանց որոշ մասը մնում է խիստ գաղտնի։

XS
SM
MD
LG