Մատչելի հղումներ

Ջորջ Բուշի գլխավոր խորհրդականը  աղմկահարույց գործում


Սպիտակ Տունը հայտնել է, թե չնայած նախագահ Ջորջ Բուշի քաղաքական հարցերով խորհրդական Կարլ Ռովի հետ կապված աղմկահարույց պատմությանը, նախագահը դեռեւս վստահում է նրան։

Սպիտակ Տան աշխատակազմի պետի տեղակալը, Կարլ Ռովը, նախագահի ամենավստահելի խորհրդականներից մեկն է։ Սակայն քաղաքական հարցերի այս հմուտ ռազմավարն այժմ համերկրային հետաքննության մեջ է, թե արդյո՞ք բացահայտել է Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի գործակալներից մեկի անունը։ Մամլո ասուլիսներից մեկի ժամանակ նախագահ Բուշին հարց տրվեց.

՚՚Աշխատանքից ազատելու՞ եք նրան՚՚։

Սպիտակ Տան խոսնակ Սքոթ Մքքլելանն ասում է, թե նախագահը զորավիգ է պարոն Ռովին։

՚՚Նախագահը վստահում է Սպիտակ Տան բոլոր աշխատողներին։ Նրանք այստեղ չէին աշխատի, եթե նախագահը նրանց չվստահեր՚՚։

Պարոն Մըքքլելանը երկու օր շարունակ խուսափում էր մամուլ տեղեկություն թափանցած լինելու մասին հարցերից։ Թղթակիցներից մեկը պարոն Մըկքլելանին հարց տվեց.

՚՚ Ո՞րն էր Կարլ Ռովի հարցազրույցի նպատակը՚՚։

Պարոն Մըկքլելանը պատասխանեց.

՚՚Դա ներկայիս հետաքննության հետ կապված հարց է, եկեք հետաքննությանը հնարավորություն տանք աշխատելու եւ ես չեմ պատրաստվում քննարկել այդ մասին՚՚։

Հրապարակված էլեկտրոնային նամակներից մեկի համաձայն, պարոն Ռովը 2003 թվականին զրուցել է մի թղթակցի հետ ու նրան թերեւս ակնարկել է գաղտնի գործակալներից Վալերի Փլեյմի ինքնությունը։ Գաղտնի գործակալի անունը բացահայտելը պետական հանցանք է։

Կարլ Ռովի հետ զրուցած թղթակիցը, Մաթ Քուփըրը, համաձայնել է խնդիրը քննարկել համերկրային հետաքննիչների հետ։ Սակայն մեկ այլ թղթակից, Ջուդիթ Միլերը, բանտ նետվեց իր աղբյուրի ինքնությունը բացահայտելուց հրաժարվելու համար։ Նախագահը 2003 թվականին այս մասին ասել է.

՚՚Եթե իմ վարչակազմից առկա է գաղտնիքի արտահոսք, ու եթե այդ անձը խախտել է օրենքը, ապա մենք կզբաղվենք նրանով՚՚։

Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցության անդամներն այժմ նախագահից պահանջում են միջոցներ ձեռնարկել։ Սենատոր Չարլզ Շումերն ասում է.

՚՚Նախագահին խնդրում եմ վերահաստատել, որ ցանկանում է պարզել խնդիրը եւ պատժել դրանում ընդգրկված անձանց, եթե նույնիսկ այդ անձն իր երկարամյա խորհրդական Կարլ Ռովն է՚՚։

Կոնգրեսական Ֆրենկ Փըլոնը ցանկանում է բացատրություն։

՚՚ Սպիտակ Տան աշխատակազմի պետի տեղակալը Կոնգրեսին պետք է պատասխանի այս մասին հարցերին՚՚։

Պարոն Ռովի փաստաբանը պնդում է, որ իր հաճախորդը կանխամտածված կերպով երբեք չի բացահայտել գաղտնի տեղեկություններ։

XS
SM
MD
LG