Մատչելի հղումներ

Սրեբրենիցայի  կոտորածի տարելիցը


1995 թվականի հուլիսի մեկին Բոսնիայի Սրեբրենիցա քաղաքում սերբական զինուժի կողմից սպանվեց արական սեռի 8.000 անզեն մահմեդական։

Սրեբրենիցայի կոտորածը համարվում է վատթարագույն դաժանությունը՝ Եւրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին վեց միլիոն հրեաների Ողջակիզումից ի վեր։ 1990-ական թվականների սկզբներին բոսնիացի սերբերը սկսեցին մաքրագործումներ իրականացնել մահմեդականների դեմ։

1993 թվականին սերբական համատեղ զինուժերը հարձակում ձեռնարկեցին քաղաքի դեմ եւ չնայած հոլանդացի 600 խաղաղապահների ներկայությանը, կոտորած կազմակերպեցին։ Այդ ժամանակ տասնյոթամյա Էլվիր Մուջիչը կոտորածը համեմատում է Ողջակիզման հետ։

՚՚Ակնհայտ է, որ Սրեբրենիցա մտած սերբերը խորհում էին մաքրագործումներ կատարել քաղաքում, որի բնակչության 75 տոկոսը նախկինում կազմում էին Բոսնիացի մահմեդականները՚՚։

Յան Վիլեն Հոնիգը Լոնդոնի Քինգզ Կոլեջի դասախոս է։ Նա այս մասին ասում է.

՚՚Արագորեն հայտնի դարձավ, որ դա Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր Եւրոպայում գործված խոշորագույն ոճրագործությունն էր, որը կատարվեց միջազգային համայնքի աչքի առջեւ՚՚։

Պարոն Հոնիգն ասում է, թե չնայած միջազգային համայնքը սպառնաց ուժ գործադրել բռնարարքներին վերջ տալու համար, փաստորեն, չէր ցանկանում գործողության դիմել։

ՄԱԿ-ի պատերազմական հանցագործությունների միջազգային դատարանը Սրեբրենիցա քաղաքի բոսնիացի մահմեդականների դեմ դաժանությունները 2004 թվականին որակեց որպես ցեղասպանություն։

Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշեւչը ներկայումս դատվում է Հաագայի դատարանում։ Այլ սերբեր հանձնվել են դատարանին եւ նրանցից մի քանիսին արդեն դատել են։ Բոսնիացի սերբերի նախկին ավագ հրամանատար Ռադիսլավ Կրստիչը մեղավոր է ճանաչվել Սրեբրենիցայում կատարված ցեղասպանության մեջ իր ունեցած դերի համար։

Սակայն դաժանություններից 10 տարի անց բոսնիացի սերբերի նախկին ղեկավար Ռադովան Կարաջիչն ու նրա զինվորական հրամանատար Ռատկո Մլադիչը դեռեւս թաքնվում են։

Հուլիսի յոթին ՆԱՏՕ-ի զինվորները Բոսնիայում ձերբակալեցին պարոն Կարաջիչի որդուն՝ Ալեքսանդրին։

Այս տարվա հունիսին հրապարակվեց մի տեսաժապավեն, ուր ցուցադրվում էր, թե սերբական հատուկ մի ստորաբաժանում բոսնիացի վեց մահմեդականների ինչպես է սպանում Սրեբրենիցայի կոտորածի ժամանակ։ Սերբական իշխանությունները գրեթե անմիջապես ձերբակալեցին չորս անձանց։

Մեկ ամիս անց, Սերբիան դատապարտեց պատերազմական բոլոր հանցագործությունները նախկին Հարավսլավիայում, նկատի ունենալով Սրեբրենիցայի կոտորածը։

XS
SM
MD
LG