Մատչելի հղումներ

Ութնյակի վեհաժողովի օրակարգում


Աշխարհի արդյունաբերապես ամենազարգացած յոթ երկրների ու Ռուսաստանի ղեկավարներն այս տարի իրենց վեհաժողովը սկսեցին Շոտլանդիայում։

Աշխարհի արդյունաբերապես ամենազարգացած յոթ երկրների ու Ռուսաստանի ղեկավարները ժամանեցին Շոտլանդիայի Գլենիգլզ քաղաքը։ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլէըրն այս տարվա խորհրդաժողովն օգտագործում է Աֆրիկայի խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար։

Պարոն Բլէըրը վեհաժողովի մասնակիցներին կոչ է անում մինչեւ 2010 թվականը Աֆրիկային իրենց համատեղ օգնությունը հասցնել հիսուն միլիարդ դոլարի։

ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշն ընդդիմանում է այդ ժամկետին։ Սակայն նա անցած շաբաթ հայտարարեց, որ ԱՄՆ-ի օգնությունն Աֆրիկային մինչեւ 2010 թվականը կկրկնապատկվի։

Վեհաժողովի օրակարգում է նաեւ համաշխարհային ջերմացման խնդիրը։ Շրջակա միջավայրի բազմաթիվ գործիչներ պարոն Բուշին քննադատում են Կիոտոյի պայմանագիրը չստորագրելու համար։ ԱՄՆ-ը վեհաժողովի մասնակից երկրներից միակն է, որը չի ստորագրել պայմանագիրը։

Դանիայում այդ երկրի վարչապետի հետ ավելի վաղ ունեցած մամլո ասուլիսներից մեկի ժամանակ պարոն Բուշն ասել է, թե Կիոտոյի ուղեցույցը կվերացնի ամերիկյան աշխատատեղերը։

՚՚Կարծում եմ, առկա է առաջ գնալու ավելի լավ միջոց, ջերմոցային ներգործություն առաջացնող գազերը լավագույնս վերահսկելու համար՚՚։

Վարչապետ Բլէըրը դիմակայում է ճնշում, որպեսզի Աֆրիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանության խնդրում ձեռք բերի ութնյակի մյուս երկրների հանձնառությունը։ Պարոն Բլէըրը մամլո ասուլիսներից մեկում ասել է, թե կշարունակի պաշտպանել արդարացի գործը։

Միաժամանակ, ութնյակի երկրների ղեկավարներին քննադատող ցուցարարները երթ են կազմակերպել նրանց հյուրանոցի առջեւ, սակայն ոստիկանությունը զսպել է բազմությանը։

XS
SM
MD
LG