Մատչելի հղումներ

ՆԱՍԱ-ն վերսկսում է իր ծրագիրը


Միացյալ Նահանգների Օդագնացության եւ տիեզերքի ուսումնասիրման գործակալությունը հայտնել է, թե ՚՚Կոլումբիա՚՚ տիեզերանավի աղետից երեսուն ամիս անց, հուլիսի տասներեքին տիեզերք է արձակվելու ՚՚Դիսքավրի՚՚ տիեզերանավը։

՚՚Ես ուրախ եմ հայտնելու, որ ՚՚Դիսքավրի՚՚ տիեզերանավի արձակումը տեղի կունենա հուլիսի տասներեքին՚՚։

ԱՄՆ-ի ՆԱՍԱ գործակալության վարչական ղեկավար Մայքլ Գրիֆինն այս մասին հայտարարեց անցած շաբաթ։ Նա ասաց, որ պաշտոնատարներն այս մասին որոշում կայացրեցին բազմակի օգտագործման տիեզերանավի թռիչքի պատրաստության հարցը երկու օր քննելուց հետո։ Անցած շաբաթ խորհրդատվական հանձնաժողովներից մեկը հայտնեց, թե ՆԱՍԱ-ն չի կենսագործել անվտանգությունը բարձրացնելու 15 հանձնարարություններից երեքը։

՚՚Մենք ջանում ենք հնարավոր ամեն բան կանխատեսել այս հարցում։ Սակայն հանձնարարականները, ինչպես դրանք գրված են, կենսագործելի չեն՚՚։

Բազմակի օգտագործման տիեզերանավերը տիզերք չեն արձակվում 2003 թվականի փետրվարի մեկին տեղի ունեցած ՚՚Կոլումբիա՚՚ տիեզերանավի աղետից հետո։ Հուլիսի տասներեքին արձակվելիք տիեզերանավը վեց տիեզերագնացներ է փոխադրելու միջազգային տիեզերակայան, ուր աղետից հետո մեկնում են միայն ռուսական տիեզերանավերը։

XS
SM
MD
LG