Մատչելի հղումներ

Փոխանակման ծրագիր՝ մահմեդական  երկրների աշակերտների համար


Փոխանակման ծրագրով ԱՄՆ-ում գտնվող մահմեդական երկրներից բազմաթիվ աշակերտներ նախքան տուն վերադառնալը մեկ շաբաթ մայրաքաղաք Վաշինգտոնում էին։

Նախագահ Ջորջ Բուշը Սպիտակ Տանը հանդիպում ունեցավ մահմեդական աշակերտների խմբի հետ։ Նա ասաց.

՚՚Այս երկիր ձեր գալու շնորհիվ հազարավոր ամերիկացիներ ավելի լավ են հասկանում ձեր դավանանքն ու ժառանգությունը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դրա համար՚՚։

Այդ խմբում էին տասնվեց տարեկան երեք աշակերտներ, ովքեր հաջորդ օրը պատմեցին ամերիկյան դպրոցներում իրենց անցկացրած մեկամյա փորձառության մասին, եւ թե դա ինչպես փոխեց ԱՄՆ-ի շուրջ իրենց կարծիքն ու ծրագրերը։ Սիրիացի Աբդուլռահմանը, Եմենցի Ֆաթման եւ Մարոկկոյից Քաութարը որոշ ժամանակ ապրել են ԱՄՆ-ում։ Այս մասին Քաութարն ասաց.

՚՚Ամերիկացիներն այնքան բարյացակամ են։ Նրանք դյուրությամբ զրույցի են բռնվում։ Դա հրաշալի է։ Ես բավականին զարմացած էի՚՚։ Ֆաթման ասաց.

՚՚Մեծ թվով անձինք էին բարյացակամ, սակայն միջնակարդ դպրոցն ամբողջովին տարբեր էր հասարակությունից, քանի որ Սան Անտոնիոյի համայնքը բավականին փոքր էր եւ ես միակ մահմեդական աղջիկն էի գլխաշորով՚՚։

Աբդուլռահմանն ասաց.

՚՚Նրանց հետ ինձ զգում էի ինչպես տանը։ Ես ինձ օտար չէի զգում։ Մեծ թվով ընկերներ ունեի դպրոցում՚՚։

Քաութար.

՚՚Կարծում էի Մերձավոր Արեւելքից լինելս թերեւս լավ չի համարվի, ինձ այդպես էին ասել նախքան այստեղ գալս, սակայն դա ամենեւին այդպես չէր՚՚։

Ֆաթմա

՚՚Սկզբում մի տեսակ դժվար էր։ Հարկադրված էի անելու առաջին քայլը։ Հարկադրված էի գնալ եւ զրուցել նրանց հետ ու փոխել նրանց կարծիքն իմ մասին։ Քանի որ կարծում եմ, թե սեպտեմբերի տասնմեկից հետո նրանք ինձ այլ կերպ կնայեին՚՚։

Թղթակցուհի.

Դա քեզ հաջողվե՞ց։

Ֆաթմա.

՚՚Կարծում եմ, այո։ Տարվա վերջում նրանք ավելի անբռնազբոսիկ էին ինձ հետ ու որոշ անձինք մոտենում էին ինձ եւ հարցուփորձ էին անում տարբեր հարցերի շուջ՚՚։

Աբդուլռահման.

՚՚ԱՄՆ-ի մասին տեղեկություններս ստացել էի լրատվական միջոցներից, լսել էի լուրերից, կինոնկարներից, սակայն ԱՄՆ-ի մասին կարծիքս ամբողջովին փոխվել է։ ԱՄՆ-ում մարդիկ այնպիսին չեն, ինչպիսին նկարագրում են Մերձավոր Արեւելքի լրատվական միջոցներում՚՚։

Քաութար.

՚՚ Ես չափազանց զարմացել էի, որ ինձ հյուրընկալած ընտանիքն ըմբռնումով էր մոտենում իմ դավանանքին։ Նրանք քաջատեղյակ էին Իսլամին։ Նրանք հարգում էին իմ կրոնը՚՚։

Աբդուլռահման.

՚՚Իմ հայրենիքում մարդկանց ցույց եմ տալու, որ ամերիկյան հասարակության մասին մեր պատկերացումը տարբեր է իրականությունից՚՚։

Քաութար.

՚՚Ես այնքան բաներ եմ սովորել։ Այստեղ ինձ զգում եմ ավելի հասուն, ավելի պատասխանատու եւ անկախ։ Մարոկկոյում միշտ ծնողներիս հետ էի ու երբեք չէի ճանապարհորդել միայնակ՚՚։

Ֆաթմա.

՚՚Այժմ ունեմ հասարակության որոշակի հատվածներին օգնելու բազմաթիվ ծրագրեր։ Դրանց մասին երբեք չէի մտածել մինչեւ այստեղ գալս՚՚։

Առաջիկա օգոստոսին փոխանակման ծրագրերով ԱՄՆ կժամանեն 650 աշակերտներ ավելի քան քսան երկրներից։

XS
SM
MD
LG