Մատչելի հղումներ

Իր մահվանից շուրջ 200 տարի անց Աբրահամ Լինքոլնը շարունակում է ոգեշնչել


Փետրվարի 12-ին ամերիկացիները տոնում են ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի 200-ամյակը: Այս առիթով բազմաթիվ միջոցառումներ և ցուցահանդեսներ են կազմակերպվել:

Բարաք Օբաման ԱՄՆ-ի 44-րդ նախագահ դարձավ` երդում տալով այն նույն Աստվածաշնչի վրա, որը մոտ 150 տարի առաջ` նախագահի պաշտոնը ստանձնելիս, օգտագործել էր Աբրահամ Լինքոլնը:

Բարաք Օբաման նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունը հայտարարեց Լինքոլնի հայրենի բնակավայրում` Իլինոյս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում` ասելով հետևյալ խոսքերը. "Ահա այդ մասին հայտնում եմ նահանգապետարանի ստվերում, որը Լինքոլնը ժամանակին համարել է բաժանված տուն, որը պետք է միավորվի…”:

Բարաք Օբաման Աբրահամ Լինքոլնին հիշատակել է նաև նոյեմբերի 4-ին իր հաղթանակի կապակցությամբ ունեցած ելույթի ժամանակ` հետևյալ կերպ արծարծելով ԱՄՆ-ի 16-րդ նախագահի խոսքերը. "…մարդկանց պատկանող, մարդկանցից կազմված և մարդկանց համար գործող կառավարությունը չի չքվել երկրի երեսից: Սա ձեր հաղթանակն է”:

Ամերիկյան պատմության ազգային թանգարանի “Աբրահամ Լինքոլնի արտասովոր կյանքը” ցուցահանդեսի կազմակերպիչ Հերի Ռուբենշտայնի կարծիքով, պատահական չէ, որ Բարաք Օբաման նախընտրում է ընդհանուր կապեր ստեղծել Լինքոլնի հետ: Նա ասում է, որ ամերիկացիների գիտակցության մեջ Աբրահամ Լինքոլնը և ամերիկյան երազանքը, կարծես, նույնացած են:

Լինքոլնի կյանքը կարծես առասպել լինի: Փայտե խրճիթում ծնված և ինքնուրույն կրթություն ստացած երիտասարդը դառնում է նախագահ և, երկրի ամենամեծ ճգնաժամի` Քաղաքացիական պատերազմի ընթացում ազգն առաջնորդելով, պահպանում է Դաշինքը և վերջ դնում ստրկությանը: Սակայն նա դառնում է սպանության զոհ:

"Լինքոլնը միշտ էլ կհամարվի մեր ամենանշանակալի նախագահներից մեկը` հաշվի առնելով նրա առաջնորդությունը, ճգնաժամի հաղթահարումը, գործնական մոտեցումները և ամուր սկզբունքները: Կարծում եմ` բոլոր նախագահներն էլ կձգտեն այդպիսի համբավ ձեռք բերել”, կարծում է Հերի Ռուբենշտայնը:

Ամերիկյան պատմության թանգարանի ցուցահանդեսում ցուցադրված են Լինքոլնի օգտագործած բազմաթիվ առարկաներ: Այդ թվում` փայտ կտրելու երկաթյա մի սեպ, որը կրում է երիտասարդ Լինքոլնի անվան` իր իսկ փորագրած սկզբնատառերը, նրա գավաթը, ինչպես նաև այն գլխարկը, որը նա կրել է իր սպանության օրը: Ցուցահանդեսի նպատակն է ընդգծել Լինքոլնի մարդկային կողմը:

Սակայն, պատմաբան Դեյվիդ Ուորդի կարծիքով դա հեշտ չէ: "Բոնապարտ Նապոլեոնից բացի` Լինքոլնի կյանքի մասին, կարծես, գրվել է ավելի շատ, քան որևէ անձի մասին: Նրան առնչվող գրքերի անվերջ շարանը ցույց է տալիս ոչ միայն այն, որ մենք նրա մասին իմանալու ցանկություն ունենք, այլև` որ մինչ այժմ մինչև վերջ չենք հասկացել նրա անցած ուղին”, ասում է նա:

Ուորդը Դիմանկարների ազգային պատկերասրահի “Մեկ կյանք. Լինքոլնի դիմակը” ցուցահանդեսի կազմակերպիչն է: Ցուցահանդեսում ներառված են Լինքոլնի կենդանի երկու դիմակներ, որոնցից մեկը պատրաստվել է 1860թ.` նախագահական ընտրարշավից անմիջապես առաջ, իսկ մյուսը`1865թ.` նախքան նրա սպանությունը: Դիմանկարներից երևում է, թե պաշտոնավարության ընթացքում որքան է նա ծերացել:

Սակայն ցուցահանդեսում հիմնականում լուսանկարներ են ցուցադրված: Դեյվիդ Ուորդն ասում է, որ Լինքոլնն առաջին նախագահն էր, ով հիրավի օգտվել է լուսանկարչության հնարավորություններից`լուսանկարվելով իր յուրաքանչյուր կարևոր ելույթի ժամանակ:

1865թ. փետրվարին արված նրա վերջին լուսանկարներից է մեկում Ճաքած ապակե նեգատիվի թողած հետքը կարծես այն գնդակի նախանշանն էր, որ երկու ամիս անց կխլեր նրա կյանքը:

Դեյվիդ Ուորդի կարծիքով, այդ լուսանկարից զգացվում է, որ Լինքոլնը գիտակցում է, որ կատարել է Դաշինքը փրկելու առաքելությունը, ազատել է ստրուկներին և իրավունքներ է շնորհել աֆրո-ամերիկացիներին: Ուորդի խոսքերով, այժմ սևամորթ նախագահ ունենալու փաստը չափազանց կքաջալերեր Լինքոլնին:

Անշուշտ, այն հանգամանքը, որ Բարաք Օբաման որպես ոգեշնչման աղբյուր և օրինակ ընտրել է Լինքոլնին, նույնպես կգոհացներ 16-րդ նախագահին:

XS
SM
MD
LG