Մատչելի հղումներ

Իրաքի քրդերը պատրաստվում են քվեարկելու


Բռնությունները Իրաքի որոշ շրջաններում գնալով ծավալվում են, մինչ մոտենում է խորհրդարանական ընտրությունների կայացման օրը։ Սակայն Իրաքի հյուսիսում գտնվող Քրդիստանի փողոցներում համեմատաբար անդորր է տիրում, իսկ քաղաքական կուսակցությունները կենտրոնանում են քվեներ ձեռք բերելու ջանքերի վրա։

Քրդստանի Հայրենասիրական միության ռադիոկայանի գրեթե բոլոր հաղորդումները Իրաքի եկող ընտրությունների մասին են։

Հյուսիսային Իրաքի քրդական Սուլիմանիա քաղաքում ամենուր կարելի է տեսնել քվեարկելու հորդորով պաստառներ, որոնք կրում են ՛՛Մեր քվեարկությունը մեր ճակատագիրն է՝՝ կոչերը։ Քաղաքագլուխ Դանա Ահմեդ Մաջիդի խոսքերով, մարդիկ հասկանում են դրանց իմաստը։ Նա ասում է.

՛՛Քրդստանի ժողովուրդը լավ է նախապատրաստված ընտրություններին եւ անհամբեր է սպասում այդ օրվան։ Հավատացած եմ, որ քվեարկությանը կմասնակցի մարդկանց առնվազն 85 տոկոսը՝՝։

Սուննի մահմեդականները բոյկոտել էին անցյալ տարվա ընտրությունները։ Այժմ նրանց մասնակցությունը կանխատեսում է ուժերի հավասարակշռության խախտում։ Նույնիսկ մասնակցության բարձր ցուցանիշի դեպքում քրդերը կկորցնեն աթոռներ խորհրդարանում։ Ինչպես Քրդստանի խորհրդարանի նախկին անդամ Սալամ Խանն է ասում, իրենց ազդեցությունն առավելագույնի հասցնելու նպատակով, քրդական կուսակցությունները մի կողմ են դրել տարաձայնությունները եւ հանդես են գալիս քուրդ թեկնածուների միասնական ցուցակով։ Այդ դաշինքի մեջ են մտնում Քրդստանի հայրենասիրական միությունը եւ Քրդստանի ժողովրդավարական կուսակցությունը։ Սալամ Խանն ասում է.

՛՛Կարծում ենք, որ առանց իրար միջեւ մրցակցության, ավելի լավ արդյունքի կհասնենք։ Հակառակ դեպքում՝ մեր ձայները կկիսվեն երկու կուսակցությունների միջեւ։ Միասին հանդես գալու կարեւորությունը բխում է քուրդ ժողովրդի շահերից՝՝։

Էրբիլ քաղաքի Սալահադդինի համալսարանի ուսանողները տարակարծիք են երկրի դաշնային համակարգը պահպանելու մասին միասնության ուղերձի նկատմամբ։ Ինչպես Փայման Քազեմն է ասում.

՝՝Ընտրությունները շատ կարեւոր են քրդերի համար, քանի որ դրանք են որոշելու Քրդստանի ապագան՝՝։

Աբդուլլահ Բախտիարի նման ոմանք գտնում են, որ առաջընթաց չկա եւ իրենք հեռու են քաղաքականությունից։ Նա ասում է.

՝՝Սա լրատվամիջոցների մեղքն է։ Նրանք չեն նկարագրում ճիշտ այն ամենը, ինչ տեղի է ունենում՝՝։

Շատերի համար ավելի ցանկալի է Քրդստանը անկախ պետություն հռչակելու տարբերակը։ Սակայն ինչպես Հայրենասիրական միության քաղաքական վերլուծաբան Ազիզ Ռաուֆն է ասում, այս պահին ժողովրդավարական Իրաքի մասնիկ լինելու հանգամանքը քրդերին պաշտպանում է թշնամական երկրներից։ Նա ասում է.

՛՛Ես հավատում եմ Քրդստանի անկախությանը, սակայն ինչպես Թալիբանին է ասում, Քրդստանում դաշնային համակարգը հարցի լուծման խոշոր եղանակ է՝՝։

Նավթով հարուստ Քիրքուք քաղաքը իրենց վերահսկողության տակ պահելու խնդիրն ընտրություններից հետո կդառնա քրդերի ամենակարեւոր հարցը։ Եթե նրանց չհաջողվի հասնել դրան, հարցականի տակ կդրվի ժողովրդավարական Իրաքին մաս կազմելու քրդերի պատրաստակամությունը։

XS
SM
MD
LG