Մատչելի հղումներ

Հազար ու մեկ գյուտ և մահմեդական ժառանգությունը


Ինչպիսին կլիներ աշխարհն առանց սուրճի, համակարգչի և մխոցով շարժիչի: Ամենօրյա կյանքի այս մանրուքների կամ դրանց վերաբերյալ մեր գիտելիքի համար պարտական ենք մահմեդական աշխարհին: Այդ թեմային է նվիրված Լոնդոնի Գիտությունների թանգարանում կազմակերպված ցուցահանդեսը, որը յուրովի դեմ է արտահայտվում մահմեդական աշխարհի և Արևմուտքի "քաղաքակրթությունների բախման" գաղափարին:

Սուրճը և դրա բազում տեսակներ շատ մշակույթների անբաժան մասն են: Առաջին անգամ այն մշակվել է Կաուվայում` Արաբական թերակղզում` ներկայիս Եմենի տարածքում: Մանչեսթըրի համալսարանից պրոֆեսոր Սալիմ ալ Հասանին պատմում է, որ սուրճը Եմեն է բերվել Եթովպիայից:

"Սուրճն ի հայտ է եկել Իսլամի վաղ շրջանում` եթովպիացի երիտասարդ հովիվ Խալեդի շնորհիվ: Նրա ոչխարներին դուր են եկել սուրճի հատիկները, և երիտասարդը դրանք Եմեն է բերել, որտեղ էլ առաջացել է սուրճ ըմպելիքը":

Շատ գյուտեր և նորամուծություններ սկիզբ են առել վաղ մահմեդականության շրջանից` 7-րդ դարից:

"Օրինակ` համալսարանի ստեղծումը: 850թ. Մարոկոյի Ֆեզ քաղաքում Ֆաթիմա ալ-Ֆիրհի անունով երիտասարդ մի կին հիմնադրում է առաջին համալսարանը, որը կոչումներ է տալիս",-շարունակում է Սալիմ ալ Հասանին:

"Հազար ու մեկ գյուտ. մահմեդականության ժառանգությունը" անվանումով ցուցահանդեսը տարբերվում է "Հազար ու մեկ գիշեր" հեքիաթից: Այստեղ ցուցադրվում են համաշխարհային փոփոխություններ առաջացրած գիտական և տեխնոլոգիական գյուտեր ու առաջընթացներ` սկսած առաջին համալսարանից մինչև բժշկության, հիգիենա, պոմպի և ջրհորների նորամուծությունները:

Այս առաջխաղացումը տեղի է ունեցել Իսլամական կայսրության փառքի գագաթնակետի օրոք, երբ այն ձգվում էր Մերձավոր Արևելքից Հյուսիսային Աֆրիկայով մինչև Իսպանիա և անդին:

"Այդ գրեթե մեկհազարամյակի ընթացքում հսկայական ներդրում է կատարվել գիտության և տեխնոլոգիայի մեջ: Այդ ամենը ժառանգել ենք շատ կարևոր քաղաքակրթությունից` մահմեդական քաղաքակրթությունից",- ասում է Սալիմ ալ Հասանին:

Մահմեդականներն ընկալել են Հնդկասանի, Չինաստանի, հույների և հին եգիպտացիների գիտելիքը և փոխանցել դրանք: Օրինակ` մահմեդական գյուտարար, մաթեմատիկոս և ինժեներ ալ Ջազարիի 13-րդ դարի հնդկական փղով և չինական վիշապով այս ժամացույցը:

"Սա հրաշալի է, կարծես ՄԱԿ-ի ժամացույց լինի` պարունակում է տարրեր տարբեր քաղաքակրթություններից: Ժամացույցն ինձ դուր է գալիս նաև որպես գիտնականի, քանի որ ցույց է տալիս, որ գիտությունն ամենևին էլ ձանձրալի և միանշանակ չէ, կարող է լինել գեղազարդային և ներկայացնել այն խթանող մշակույթները",- ասում է դատական կենսաբանության պրոֆեսոր, կանադացի Անի Մարի Բրենանը:

Ցուցահանդեսում բաժին կա նվիրված մաթեմատիկային և հանրահաշվին: Թվերը, որ ներկայումս օգտագործում ենք, հայտնի են որպես արաբական թվեր, սակայն դա միշտ չէ այդպես եղել, ժամանակին արաբները դրանք անվանել են հնդկական:

"0" թիվը, արաբերենով` "զեֆիր", առաջին անգամ օգտագործվել է արաբ գիտնականների կողմից, որպես մաթեմատիկական հավասարման մաս: Եվ այդ զրոն էր, որ վճռական դեր խաղաց համակարգիչների և այլ նոր տեխնոլոգիաների մշակման և զարգացման համար:

Եվ ինչպես սուրճի դեպքում` ինչպիսին կլիներ մեր կյանքն առանց դրա:

XS
SM
MD
LG