Մատչելի հղումներ

 
Էլեկտրական մեքենաների արտադրողները փորձում են հարմարվել հարկային արտոնությունների հնարավոր ավարտին

Էլեկտրական մեքենաների արտադրողները փորձում են հարմարվել հարկային արտոնությունների հնարավոր ավարտին


Էլեկտրական մեքենա
Էլեկտրական մեքենա

Էլեկտրական մեքենաների վերջին մոդելները կենտրոնական տեղ են զբաղեցնում 2025 թվականի Չիկագոյի ավտոսրահում: Ուղղությունը զարգանում է նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ում ոլորտի զարգացման համար առկա է դաշնային հարկային արտոնություն, որը, սակայն, կարող է ավարտվել:

Dodge Charger մակնիշի այս մեքենան էլեկտրական շարժիչով է։

Ռայան Նագոդը Stellantis ընկերության ինտերիերի դիզայնի գծով փոխնախագահն է։ Այդ ընկերությանն է պատկանում Dodge ապրանքանիշը: Dodge Charger-ը երկար ժամանակ եղել է բենզինով աշխատող ամերիկյան մեքենաների դարաշրջանի խորհրդանիշը:

Նագոդեն ասում է, որ այն էլեկտարականի վերածելը լուրջ առաջընթաց էր ընկերության համար, և նոր՝ էլեկտրական Dodge Charger-ների որոշ մոդելներ գինը գերազանցում է 60 հազար դոլարը։

«Մենք գիտենք, որ երկիրը դեպի ուր է գնում։ Ժամանակ է պահանջվում»,- ասել է Ռայան Նագոդեն։

Դեռ 2022 թվականին Բայդենի վարչակազմի հաստատած հանրահայտ 7,500 դոլարանոց հարկային արտոնությունը նպաստեց, որպեսզի Ամերիկայում արտադրվող թանկարժեք էլեկտական մեքենաներն ավելի մատչելի դառնան:

Արտոնության էությունը հետևյալն է՝ եթե տարեկան կտրվածքով ԱՄՆ պետբյուջե պետք է փոխանցենք, դիցուք, 10 հազար դոլար հարկ, ապա կառավարությունը ձեզ թույլ է տալիս առավելագույնը 7,5 հազարը պահել և այն ուղղել որոշակի պահանջներին համապատասխանող ամերիկյան արտադրության էլեկտրական մեքենաների գնմանը ու հետևաբար պետբյուջե փոխանցել 2,5 հազար դոլար։ Իսկ եթե վճարելու եք, օրինակ, 5 հազար դոլար հարկ, ապա ամբողջը կարող եք ուղղել ամերիկյան էլեկտրական մեքենայի գնմանը։

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե մտադիր է դադարեցնել արտոնությունը։

Մինչդեռ, նման մեխանիզմը, ըստ Cox Automotive ընկերության, նպաստել է, որ անցած տարի ԱՄՆ-ում արտադրված էլեկտրական մեքենաների վաճառքն աճի։ Մոտ 1,3 միլիոն նոր մեքենա է վաճառել, ինչը 7,3%-ով ավելի է 2023 թվականի համեմատ:

«Toyota-ն ունի 19 էլեկտրաֆիկացված մեքենաներ՝ հիբրիդներից մինչև էլեկտրական մեքենաներ։ Այժմ մեր վաճառածի գրեթե 30%-ը էլեկտրաֆիկացված մեքենաներն են»,-ասել է Toyota-ի ներկայացուցիչ Մեթ Թրոյերը։

Սակայն ճապոնական ավտոարտադրողի այդ մոդելներից ոչ մեկը չի համապատասխանում ամերիկյան վերոհիշյալ արտոնության ծրագրին: Toyota-ի միակ՝ ամբողջությամբ էլեկտրական մեքենան՝ bZ4X-ը, նույնպես չի համապատասխանում, քանի որ այն արտադրվում է Միացյալ Նահանգներից դուրս: Դեկտեմբերին Toyota-ն հայտարարեց, որ նվազեցնում է իր bZ4X-ի գինը մոտ 6 հազար դոլարով:

«Տեսնում ենք, որ էլեկտրական մեքենաները էժանանում են»,- ասել է

Իլինոյս նահանգում Էլեկտրական տրանսպորտային միջոցների համար պատասխանատու նահանգային մարմնի աշխատակից Մեգա Լակչաուրան։

Վերը նշված դաշնային հարկային արտոնությունից զատ, Իլինոյս նահանգը տրամադրում է մինչև 4 հազար դոլար աջակցություն, եթե նահանգի բնակիչը գնում է ամբողջությամբ էլեկտրական մեքենա:

ComEd ընկերության ներկայացուցիչ Մելիսա Վաշինգտոնն ասում է. «Մենք ունենք 100 միլիոն դոլարի հասնող [նահանգային] միջոցներ, որոնք հասանելի կլինեն 2025 թվականի հաճախորդների համար, և այն հասանելի կլինի բոլոր հաճախորդներին»:

Թեև ոլորտին ցուցաբերվող աջակցության հարցում անորոշությունը տակավին պահպանվում է, սակայն Թրոյերի խոսքով՝ հաճախորդներն ավելի շատ են նախընտրում էլեկտրական մեքենաներ գնել։

XS
SM
MD
LG