Մեր զրուցակիցը, որ անվտանգության նկատառումներից ելնելով խնդրեց չհրապարակել իր անունը, երկու օր առաջ է վերադարձել Սուդանի Հյուսիսային Դարֆուրի նահանգում գտնվող և տեղահանվածների համար նախատեսված «Զամզամ» ճամբարից՝ ոտքով անցնելով մոտ 340 կիլոմետրանոց վտանգավոր ճանապարհ:
Պատմում է՝ ճամբարում սով է։ Այն պաշարված է տեղահանվածների նկատմամբ թշնաբար տրամադրված «Արագ աջակցության ուժերի» (Rapid Support Forces, RSF) կողմից:
«Երդվում եմ, այն, ինչ կատարվում է «Զամզամում», կործանարար է։ Պայթյունները մարդկանց դիակների են վերածել։ Ո՛չ փող կա, ո՛չ սնունդ: Երբեմն ամբողջ օրը միայն մեկ անգամ կարող ես սնվել»,- ասում է նա։
Նրա խոսքով՝ ինքն ու «Զամզամի» բնակիչներից ոմանք ստիպված են եղել հողին հանձնել 25 նորածինների, ովքեր մահացել էին սովից:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Դարֆուրի որոշ հատվածներ սովի են մատնված։
Օգնություն ցուցաբերող խմբերը և բնակիչները ասում են, որ շուրջ 300 հազար բնակիչ ունեցող ճամբարը պարբերաբար հրետակոծվում է «Արագ աջակցության ուժերի» կողմից, որոնք, ինչպես հայտնի է, Սուդանի քաղաքացիական պատերազմի կողմերից են և առաջացել են «Ջանջավիդ» անվամբ զինյալ խմբավորումից։
«Զամզամի» մեկ այլ բնակիչ, ով կարողացել էր փախնել Չադ, նույնպես խնդրեց չհրապարակել անունը:
«Երբ առաջին անգամ գնացինք ճամբար, կարծում էինք, որ անվտանգ կլինի, քանի որ այնտեղ գործում էին մարդասիրական կազմակերպություններ: Ենթադրում էինք, որ «Ջանջավիդը» չի հարձակվի։ Բայց նրանք հարձակվեցին»,- պատմում է նա:
Նրա խոսքով՝ ամենից շատ մահանում են երեխաներն ու տարեցները։ .«Ամենախոցելին տարեցներն ու երեխաներն էին։ Բազմաթիվ ընտանիքներ կորցրել են իրենց երեխաներին թերսնման և բժշկական օգնության բացակայության պատճառով»։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համաձայն՝ սովի տարածմանը նպաստում է հակամարտությունը:
«Կարծում եմ, հակամարտության հետևանքով սով է տարածվում: Հումանիտար հրադադադար է հարկավոր, որպեսզի սովը չտարածվի և չդառնա նախորդ տասնամյակներում աշխարհում գրանցված ամենամահաբերը»,- ասում է Սուդանում գործող ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հաղորդակցության ղեկավար Լենի Կինզլին։
ՄԱԿ-ը շարունակում է սնունդ բաժանել հարևան Չադում հայտնված փախստականներին։ Ըստ կազմակերպության՝ Դարֆուրում տիրող սովը մինչև 2025 թվականի կեսեր կտարածվի Սուդանի հարակից ևս հինգ շրջաններում։