Մատչելի հղումներ

Վաշինգտոնում շարունակվում է ավիաաղետի հետաքննությունը


Պոտոմակ գետում կործանված American Airlines-ի օդանավի բեկորները։ Հունվարի 29, 2025թ․։
Պոտոմակ գետում կործանված American Airlines-ի օդանավի բեկորները։ Հունվարի 29, 2025թ․։

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի մերձակայքում շարունակվում են աշխատանքները օրերս տեղի ունեցած ավիաղետի հետևանքով Պոտոմակ գետում հայտնված ինքնաթիռն ու ուղղաթիռը դուրս բերելու համար։

Աղետը խլել է 67 մարդու կյանք։

Իրավապահ մարմինները հայտնաբերել են American Airlines-ի ինքնաթիռի «սև արկղերը», որոնք բախման հետևանքով մի քանի մասի են բաժանվել։

Հիշեցնենք՝ միջադեպը տեղի է ունեցել, երբ մարդատար ինքնաթիռը բախվել է ամերիկյան ռազմական ուղղաթիռին։

Հրշեջ ծառայության ներկայացուցիչների խոսքով՝ սուզորդները փորձում են «փրկել ինքնաթիռը» և «գտնել լրացուցիչ բաղադրիչներ»։

ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը ուսումնասիրում է թռիչքի տվյալների ձայնագրիչն ու օդաչուների խցիկի ձայնագրիչը՝ վթարի հանգամանքները պարզելու համար։

Հինգշաբթի ԱՄՆ դաշնային և տեղական պաշտոնյաները հայտնել են, որ American Airlines-ի դուստր ձեռնարկության՝ PSA Airlines-ի կողմից իրականացված չվերթի 64 ուղևորներն ու անձնակազմի անդամները, ինչպես նաև Army UH-60 Black Hawk բանակային ուղղաթիռի անձնակազմի երեք անդամները չեն փրկվել։

Մարդատար օդանավն ու ռազմական ուղղաթիռը չորեքշաբթի գիշերը ընկել են Պոտոմակ գետը՝ Վաշինգտոնից հարավ գտնվող Վիրջինիայի Առլինգթոն քաղաքի՝ Ռոնալդ Ռեյգանի անվան Վաշինգտոնի ազգային օդանավակայանի մոտ։

ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի (National Transportation Safety Board) աշխատակիցներն ուսումնասիրում են Պոտոմակ գետում կործանված American Airlines-ի մարդատար ինքնաթիռի «սև արկղերը»։ Վաշինգտոն, հունվարի 31, 2025թ․։
ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի (National Transportation Safety Board) աշխատակիցներն ուսումնասիրում են Պոտոմակ գետում կործանված American Airlines-ի մարդատար ինքնաթիռի «սև արկղերը»։ Վաշինգտոն, հունվարի 31, 2025թ․։

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության ծառայողական զեկույցում նշված է, որ բախման պահին ավիադիսպետչերներից մեկն է կատարել այն աշխատանքը, որը սովորաբար հանձնարարվում է երկու հոգու։

«Դիրքերի կոնֆիգուրացիան նորմալ չէր օրվա այդ ժամի և երթևեկության նման ծավալի համար»,– ասված է զեկույցում։

Հինգշաբթի կեսօրին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկու գործադիր հրաման, որոնցից մեկով նշանակել է Դաշնային ավիացիոն վարչության փոխղեկավար, իսկ մյուսով կասեցրել է ավիացիոն ոլորտում, այսպես կոչված, բազմազանության քաղաքականության իրականացումը։

Սպիտակ տանը՝ հրամանը ստորագրելիս, Թրամփը, առանց ապացույցներ ներկայացնելու, պնդել է, թե պետական նշված մարմնում իրականացված բազմազանության ծրագիրը կարող էր տեղի ունեցած վթարի պատճառ հանդիսանալ։

ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին, ով ասուլիսին Թրամփի հետ ներկայացրել է վթարի մանրամասները, նշել է, որ թե՛ ինքնաթիռը, թե՛ ուղղաթիռը շարժվել են «թռիչքային ստանդարտ սխեմաների» համաձայն, ինչը, սակայն, հանգեցրել է բախման։

Մամուլի ասուլիսում Թրամփը ընդգծել է, որ տեղական, նահանգային և դաշնային բոլոր ռեսուրսները ներգրավված են փրկարարական աշխատանքներում՝ մանրամասնելով, որ ավիաղետի պատճառների հետաքննությունը ղեկավարում է Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը՝ համագործակցելով Դաշնային ավիացիոն վարչության և ԱՄՆ ռազմական ավիացիայի քննչական ստորաբաժանման հետ։

Թրամփը մեղադրել է ամերիկյան նախորդ վարչակազմերին՝ դեմոկրատ նախագահներ Բարաք Օբամայի և Ջո Բայդենի օրոք ավիադիսպետչերներին աշխատանքի ընդունելու չափանիշները նվազեցնելու համար, քանի որ ամերիկյան կառավարական դաշնային մարմիններում կիրառվել է բազմազանության, հավասարության և ներառականության քաղաքականությունը։

ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ գործադիր հրամաններով չեղարկել է այդ քաղաքականության իրականացումը։

Օդային երթևեկության կարգավարների վերաբերյալ Թրամփն ասել է. «Ցանկանում ենք ամենավառ, ամենախելացի ու ամենից արագ կողմնորոշվող մարդկանց: Ցանկանում ենք [աշխատանքի ընդունել] մեկին, ով հոգեբանական պատրաստվածության առումով լավ վիճակում է, և նման մարդիկ կլինեն մեզ մոտ»։

Թրամփի ներկայացմամբ՝ հնարավոր է, ուղղաթիռի անձնակազմն է մեղավոր, սակայն դա պետք է պարզի հետաքննությունը։ Իսկ երբ նրան հարցրել են, թե ինչու է կարծում, որ բազմազանության քաղաքականությունը կարող էր հանգեցնել վթարի, պատասխանել է. «Որովհետև ես ողջամիտ եմ»։

Հինգշաբթի մի խումբ սևամորթ օրենսդիրներ հայտարարություն են տարածել և, սգալով վթարի զոհերին, քննադատել են Թրամփին, թե բազմազանության քաղաքականությունը կարող էր լինել ողբերգության պատճառ։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հինգշաբթի ավելի վաղ հայտնել էր, որ ամերիկյան բանակի ուղղաթիռը կատարում էր պլանային գիշերային ուսումնական թռիչք, որի ընթացքում «ողբերգական սխալ է թույլ տրվել»։

«Բարձրության որոշակի խնդիր է եղել, որը մենք անմիջապես սկսել ենք ուսումնասիրել»,- ասել է նա։

Ռազմական ուղղաթիռն ու մարդատար օդանավը բախվել են, երբ վերջինս գտնվում էր վայրէջքի փուլում։ Երկուսն էլ ընկել են օդանավակայանի հարակից Պոտոմակ գետը։ ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հայտնել է, որ ինքնաթիռը բաժանվել է երեք մասի և ընկել մինչև գոտկատեղ հասնող ջրի մեջ։

Իր հերթին՝ Վաշինգտոնի Հրշեջ և արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Ջոն Դոնելին հինգշաբթի հայտնել էր, որ սառցակալած գետում աշխատում են առաջին օգնություն ցուցաբերող մոտ 300 աշխատակիցներ՝ տեղական, նահանգային և դաշնային գործակալություններից։

Դոնելինը նշել է, որ քամին և հոսանքները ինքնաթիռի ու ուղղաթիռի բեկորները տարածել են առնվազն մեկ-երկու կիլոմետր գետի հոսանքով ներքև, ինչը զգալիորեն բարդացրել է փրկարարական-որոնողական աշխատանքները։

Դեպքի վայրում առայժմ հայտնաբերվել է 41 դի, այդ թվում՝ ուղղաթիռում գտնվող բոլոր երեք զինվորականներինը։

Նշենք՝ վթարը տեղի է ունեցել աշխարհում խստագույնս վերահսկվող օդային տարածքներից մեկում՝ Սպիտակ տնից և ԱՄՆ Կապիտոլիումից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա։

United Airlines-ի պաշտոնաթող օդաչու, Aero Consulting Experts-ի գործադիր տնօրեն Ռոս Էյմերը «Ամերիկայի ձայնին» փոխանցել է, որ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանը համարվում է ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկը՝ այնտեղ հաճախ թռչող բազմաթիվ ուղղաթիռների պատճառով։

«Մենք Պոտոմակ գետն անվանում ենք «ուղղաթիռների ճեմուղի»»,- ասել է Էյմերը։

Վիրջինիայից ընտրված սենատորներ Թիմ Քեյնը և Մարկ Ուորները ասուլիսի ժամանակ նշել են, որ տարիներ ի վեր մտահոգություն են հայտնել մայրաքաղաք Վաշինգտոնի օդային երթևեկության վերաբերյալ։

ԱՄՆ գեղասահքի միության տեղեկացմամբ՝ զոհերի թվում են գեղասահորդներ, նրանց մարզիչներն ու ընտանիքների անդամները։

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կործանված ինքնաթիռում եղել են ռուսաստանցի գեղասահորդներ, աշխարհի չեմպիոն ամուսիններ՝ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը։

Վաշինգտոնում նշել են, թե դյուրացված կարգով հնարավոր կլինի նրանց աճյունները տեղափոխել Ռուսաստան։

Հունվարի 29-ի ավիաղետը ամենամահաբերն է, որ տեղի է ունեցել ԱՄՆ-ում 2001 թվականից ի վեր, երբ American Airlines-ի ինքնաթիռը կործանվեց Նյու Յորքի Բել Հարբոր շրջանում՝ խլելով 260 մարդու կյանք։


Նյութում օգտագործվել են Associated Press-ի, Agence France-Presse-ի և Reuters-ի հրապարակումները։

XS
SM
MD
LG