ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ գործընկեր-երկրները անարդար են վարվում Միացյալ Նահանգների հետ, և ինքը պատրաստ է օգտագործել Ամերիկայի տնտեսական հզորությունը նման իրավիճակը փոխելու համար:
«Սակագները մեր երկիրը կհարստացնեն»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Սպիտակ տան ղեկավարը սպառնացել է բարձր մաքսատուրքեր սահմանել ցանկացած երկրի նկատմամբ, որը կհրաժարվի կատարել իր պահանջները՝ անօրինական ներգաղթի հարցից մինչև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին կամ ԱՄՆ արտաքին առևտրին վերաբերող։
Տնտեսագետները տարակարծիք են, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ Թրամփի խոստացած բարձր մաքսատուրքերը ԱՄՆ տնտեսության և սպառողների վրա:
«Սակագնային ռազմավարությունը կարող է իրականացվել այնպես, որ ծախսերը հիմնականում կրեն [ԱՄՆ-ից] դուրս»,- ասում է տնտեսագետ Ջեյմս Գելբրեյթը:
Գելբրեյթը շարունակում է, թե Թրամփի սահմանած մաքսատուրքերը կարող են օգնել աշխատատեղերը վերադարձնել ԱՄՆ: Արտասահմանյան ապրանքների թանկացման նպատակն է նվազեցնել կախվածությունը ներմուծումից և խթանել ամերիկյան արտադրությունը։
Սակայն որոշ տնտեսագետներ պնդում են՝ սակագները կնվազեցնեն ԱՄՆ տնտեսության ներուժը:
«Երկարաժամկետ հեռանկարում սակագներն անորոշություն կառաջացնեն: Բիզնեսի ոչ մի սեփականատեր չի ցանկանում ներդրումներ կատարել մի երկրում, ուր բարձր սակագներ են կամ որը կարող է բախվել նման սակագների ապագայում»,- կարծիք է հայտնում Մոնթքլերի պետական համալսարանի ներկայացուցիչ Էդմոնդ Բերիշան։
Պաշտոնավարման առաջին օրն իսկ Թրամփը հայտարարեց, թե մտորում է փետրվարի 1-ից 25% մաքսատուրք սահմանել Մեքսիկայից և Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Անցած շաբաթ նա սպառնաց, բայց հետո հրաժարվեց Կոլումբիայի նկատմամբ նմանատիպ մաքսատուրքեր սահմանել:
Սպիտակ տան նման մոտեցման քննադատները զգուշացնում են, որ այդպիսի մաքսատուրքերը անմիջական ազդեցություն կունենան ամերիկյան սպառողների և բիզնեսի վրա: Նրանք ասում են, թե, օրինակ, ներմուծված մթերքի, հագուստի թանկացումների համար ստիպված են լինելու վճարել ամերրկացի սպառողները։
«Կոլումբիայում սուրճ ենք աճեցնում մոտ 150-160 տարի: Արդեն մոտ 80 տարի ունենք մեր ֆերման»,- ասում է Paper Plane Coffee Company-ի ներկայացուցիչ Ջոնաթան Էչևերին։
Նյու Յորքի հարևանությամբ գործող Paper Plane Coffee ընկերության սեփականատեր Ջոնաթան Էչևերին անհանգստանում է, որ եթե կոլումբիական ապրանքների նկատմամբ բարձր մաքսատուրքեր սահմանվեն, ինչպես սպառնացել էր Թրամփը, նա ստիպված կլինի իր ապրանքը թանկացնել սպառողների համար՝ ծախսերը մարելու նպատակով։
«Այս պահին, իրականում, սուրճի հետ կապված մի փոքր ճգնաժամ ենք ապրում, որովհետև սուրճի գինը ամենաբարձրն է նախորդ 50 տարվա հետ համեմատած։ Իսկ եթե ավելացնենք հնարավոր՝ 25% մաքսատուրքը. կամ 50% մաքսատուրքը, իրավիճակը կվատթարանա»,- ասում է Էչևերին։
Բարձր մաքսատուրքերի կողմնակիցները հակադարձում են՝ միշտ չէ, որ սպառողն է վճարում թանկացման համար:
«Նման բան կարող է լինել, բայց ոչ միշտ: Պետք է հարցնել, թե ինչպես են պատրաստվում արձագանքել օտարերկրյա մատակարարները։ Նրանք կարող են արձագանքել՝ կրճատելով իրենց շահույթը և փորձելով պահպանել իրենց մասնաբաժինը շուկայում»,- նշում է Ջեյմս Գելբրեյթը։
Ինչևէ, քանի որ Մեքսիկայից և Կանադայից եկող ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքերի սահմանման վտանգը շատերը իրատեսական են համարում, ամերիկացիները պատրաստվում են հնարավոր ազդեցությանը՝ աշխատատեղերի, բիզնեսի և գների վրա: