Դանիայի զինուժի Արկտիկական հրամանատարությունն է պատասխանատու 2,1 միլիոն քառակուսի կիլոմետր կազմող Գրենլանդիայի անվտանգության ապահովման համար, և հրամանատրության փոքր ռազմական հենակետը տեղակայված է կղզու վարչական կենտրոնում՝ Նուուկում:
«Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկը կարծես կառչած է սառած անապատի եզրին, և այս հեռավոր կղզու վրա կուտակվում են աշխարհաքաղաքական լարվածության փոթորկաբեր ամպերը»,- ասում է «Ամերիկայի ձայնի» թղթակից Հենրի Ռիջուելը։
Միացյալ Նահանգները Գրենլանդիան դիտարկում է որպես ռազմավարական առումով կենսական նշանակություն ունեցող տարածք:
«Ռուսական հրթիռների համար դեպի ԱՄՆ տանող ամենակարճ ճանապարհն անցնում է Հյուսիսային բևեռով՝ Գրենլանդիայի վրայով»,- նշում է Դանիայի թագավորական պաշտպանական վարժարանի ներկայացուցիչ Մարկ Յակոբսենը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Դանիայից վերցնել Գրենլանդիան՝ մեղադրելով Կոպենհագենին, թե այն ձախողել է կղզու անվտանգությունն ապահովելու գործը:
«Ձեզ մոտ ամենուր ռուսական նավեր են, չինական նավեր, ռազմանավեր: Իսկ նրանք [Դանիան] չեն կարող պահպանել [Գրենլնադիայի անվտանգությունը]»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Reuters-ի փոխանցմամբ՝ ողջ Գրենլանդիայում Դանիայի ռազմական կարողությունները բաղկացած են չորս հնացած ռազմածովային, պարեկային նավերից, հսկողություն իրականացնող մեկ ինքնաթիռից և շնասահնակներ կիրառող պարեկներից:
Կոպենհագենը նախատեսում է ձեռք բերել նոր սերնդի անօդաչուներ, նավեր, արդիականացնել ռազմաօդային բազան, որպեսզի այն կարողանա ընդունել նորագույն F-35 կործանիչներ:
Դանիական կառավարության անդամներն ընդունում են բացթողումը:
«Երկար տարիներ անհրաժեշտ ներդրումներ չենք կատարել մեր ռազմածովային ուժերում, օդուժում, որոնք կօգնեն վերահսկել մեր թագավորության [սահմանները], և սա այն է, ինչի ուղղությամբ այժմ փորձում ենք ինչ-որ բան անել»,- ասում է Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը:
Գրենլանդիայում առկա է նաև ամերիկյան ռազմական ներկայություն. ամերիկացի զինվորականները կղզում են Երկրորդ աշխարհամարտից ի վեր: ԱՄՆ տիեզերական ուժերի ներքո գործող և 1943 թվականին հիմնադրված «Պիտուֆֆիկ» ռազմաբազայում տեղակայված են շուրջ 200-հոգանոց անձնակազմ, հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր և տիեզերական հետախուզության համակարգեր:
«Գլխավոր հարցն է, թե արդյոք ԱՄՆ-ն ցանկանում է ուժեղացնել այդ՝ [ռազմական] ներկայությունը, գուցե այդ տարածքում այլ տեսակի ռազմական գործողություններ իրականացնել: Դանիայի կառավարությունը փորձում է հասկանալ, թե ինչ է նշանակում «վերահսկողություն» բառը, որն օգտագործում է Թրամփը և որը շատ երկիմաստ տերմին է: Ի՞նչ է նշանակում վերահսկողություն: Արդյո՞ք նշանակում է տարածքի մի մասի սեփականատեր դառնալ, թե՞ նշանակում է որոշակի քանակությամբ զինտեխնիկա ունենալ այդ տարածքում»,- ասում է Դանիայի թագավորական պաշտպանական վարժարանի ներկայացուցիչ Յոն Ռահբեկ-Կլեմենսենը։
Միչդեռ, օրինակ, Ռուսաստանը ծավալուն ներդրումներ է կատարում Արկտիկայում իր ռազմական ներկայությունն ամրապնդելու նպատակով: Նրա «Նագուրսկոյե» ավիաբազայում տեղակայված են հետախուզական համակարգեր և ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք կարող են կրել միջուկային մարտագլխիկներ։
Ռուսական միջուկային սուզանավերը պարեկում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում, աճում է միջուկային էներգիայով աշխատող սառցահատների քանակը:
Չինաստանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություններ են անցկացբում Արկտիկայում։
«Միանշանակ առկա է վտանգ, հատկապես՝ այդ տարածաշրջանում [գտնվող] ռուսական ռազմական կարողություններից։ Իսկ ՆԱՏՕ-ի երկրները այժմ ընթանում են իրենց կարողությունները մեծացնելու ուղղությամբ»,- շարունակում է Յոն Ռահբեկ-Կլեմենսենը։
Ի դեպ, նախքան Դոնալդ Թրամփի երդմնակալությունը, Դանիայում ամերիկյան դեսպանատունը հայտարարել էր, թե Գրենլանդիայում ԱՄՆ ռազմական ներկայությունն ընդլայնելու ծրագրեր չկան: Սակայն ծրագրերը կարող են փոխվել ԱՄՆ նոր նախագահի օրոք։
Ինչևէ, Դանիան և Գրենլանդիան պատրաստվում են աշխարհաքաղաքական փոթորիկների: