Ռիչարդ և Բուշրա Մուսերները վերադարձել են տեսնելու, թե ինչ է մնացել ընդամենը երկու շաբաթ առաջ թողած իրենց 25 տարվա գեղեցիկ տնից՝ Լոս Անջելեսի Ալթադենա արվարձանում:
«Այնտեղ մտնելը և որևէ բան գտնելը գրեթե անհնարին է: Մետաղները հալվել են: Այնտեղ ունեի բարձրակարգ աուդիո սարքավորում: Կարծում էի, որ, գուցե, դրա մի մասը կարող էր մնալ, բայց փորփրելուց հետո հասկացա, որ ամբողջը դարձել է հալած մետաղի մի կտոր»,- ասում է Ռիչարդ Մուսերը:
Մուսերները հանգրվանել են հյուրանոցում և հուսով են, որ ապահովագրությունը կօգնի իրենց վերականգնել տունը. «Մենք հիմա պարզապես ապրում ենք անորոշության մեջ, դեռ շոկի մեջ ենք և չենք կարողանում հավատալ այս ամենին: Ամեն առավոտ արթնանում եմ և մտածում՝ գուցե, երազ էր: Բայց հետո գալիս ենք այստեղ և տեսնում իրականությունը»:
Հրդեհը, բարեբախտաբար, չի հասել Խոսե Վելասկեսի՝ Ալթադենայում գտնվող տանը: Նա ու իր ընտանիքը կազմակերպել են նվիրատվության ակցիա հարևանների համար: Ասում է, որ նախորդ տասներկու օրվա ընթացքում առնվազն 400 մարդ է օգնության ձեռք մեկնել:
«Մենք, այնուամենայնիվ, իրականում չտեսանք կառավարության լուրջ օգնությունը: Համայնքն է փորձում միմյանց օգնել: Քաղաքապետի կողմից այց չի եղել: Զգում ենք, որ միայնակ ենք»,- ասում է նա:
Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասն այցելել է Փըսիֆիք Փելըսայդի որոշ շրջաններ:
«Պատրաստվում ենք անել ամեն ինչ՝ վերակառուցելու և բնակիչներին տուն վերադարձնելու համար»,- գրել է նա:
Նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ իր երդմնակալության խոսքում քննադատել էր տեղի իշխանությունների արձագանքը հրդեհին՝ հայտարարելով, թե Լոս Անջելեսի հրդեհները տակավին մոլեգնում են «առանց դրանց դեմ անհրաժեշտ պաշտպանության»:
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի կայքից տեղեկանում ենք, որ նահանգի ղեկավարը մի շարք միջոցներ է ձեռնարկել հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում, ներառյալ՝ հրդեհներին ընդառաջ Հարավային Կալիֆոռնիայի ռազմավարական նշանակության վայրերում նախապես տեղակայելով ավելի քան 16 հազար հրշեջների և այլ անձնակազմ:
Այս ամենի ֆոնին՝ չորեքշաբթի Լոս Անջելեսից հյուսիս ընկած լեռներում սկսվել է մի նոր հրդեհ՝ «Հյուզին», որն արագորեն տարածվում է՝ ստիպելով տարհանել 31 հազար մարդու:
Այս շաբաթվա վերջին Հարավային Կալիֆոռնիայում կանխատեսվում է անձրև, որը կարող է մարել անտառային հրդեհները, բայց անհանգստություն է առաջացել թունավոր նյութերի այրվելուց առաջացած մոխրի տարածման առնչությամբ: