Ուշա Վենսը ծնվել է 1986 թվականին Կալիֆոռնիայում՝ Հնդկաստանից ներգաղթած ծնողների ընտանիքում։ Հեղինակավոր Յեյլ համալսարանում կրթություն ստացած փաստաբանն աշխատել է որպես քարտուղար Գերագույն դատարանի երկու պահպանողական դատավորների գրասենյակներում։ Վենս ամուսինները ծանոթացել են իրավաբանական դպրոցում, ամուսնացել 2014 թվականին և ունեն երեք երեխա։ Ամուսնու քաղաքական վերելքից ի վեր Ուշա Վենսը քաղաքական ակտիվ գործունեություն չի ծավալել։
«Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել իմ ամուսնուն և Միացյալ Նահանգների հաջորդ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին»։
Երկրորդ տիկինը օրինակ է ծառայում՝ նշում է Անիտա ՄըքԲրայդը, որը նախկինում եղել է Սպիտակ տան մի քանի առաջին տիկինների աշխատակազմում։
«Մեր երկրի աճող բազմազանությունը, և այն հանգամանքը, որ տարբեր ծագման մարդիկ բարձր պաշտոնների են հասնում քաղաքականության և քաղհասարակության տարբեր ոլորտներում, զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, կարծում եմ, բարենպաստ է մեր երկրի համար»։
Քաղաքական կյանքում Վենսի վերելքը զուգորդվեց ներգաղթի շուրջ ծավալվող քննարկումներով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ նախընտրական փուլում խոստացել է վերացնել կարգը, ըստ որի ԱՄՆ-ում ծնված որևէ մեկին շնորհվում է Միացլա Նահանգների քաղաքացիություն, և հայտարարել, որ կհրահանգի դաշնային գործակալություններին պահանջել, որ երեխային ամերիկացի համարելու համար ծնողներից առնվազն մեկը լինի ԱՄՆ քաղաքացի կամ երկրում մշտական կացության իրավունք ունեցող։
«Ապագայում ապօրինի ներգաղթյալների երեխաները ինքնաբերաբար չեն ստանա ԱՄՆ քաղաքացիություն»։
«Հիմա մենք գտնվում ենք Բուֆալոյում, Նյու Յորքում։ Պատրաստվում ենք ստորագրություններ, ավելի ճիշտ, «ստորագրաSARS»-եր հավաքել՝ H1B վիրուսի տարածումը կանգնեցնելու համար»։
Ուշա Վենսը ստանձնում է իր դերը՝ Թրամփի ճամբարում տիրող բուռն վեճերի ֆոնին՝ կապված H1B վիզայի հետ, որը ժամանակավոր վիզա է բարձր որակավորում ունեցող աշխատողների համար, և որը ստացողների ճնշող մեծամասնությունը Հնդկաստանի քաղաքացիներ են։
Ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունք չտրամադրելու առաջարկը, ամենայն հավանականությամբ, կձախողվի իրավական խնդիրների պատճառով, և Թրամփի քննադատները նշում են, որ ծնողներին իրենց օրինական կարգավիճակը ապացուցելու պահանջ դնելը և նշաձողը բարձրացնելը՝ ներառելով միայն մշտական կացության կարգավիճակ ունեցողներին, խնդրահարույց է։
Ամերիկյան հասարակությունում Ուշա Վենսը ոչ սպիտակամորթ է համարվում, ինչը, ամուսնու խոստովանությամբ, որոշ ամերիկացիների համար խնդիր է։
Պահպանողական հայացքներով հաղորդավար Մեգան Քելիի հետ հարցազրույցում Ջեյ Դի Վենսը նշել է.
«Ակնհայտորեն, նա սպիտակամորթ չէ, և մենք հայտնվել ենք սպիտակամորթ ռասայի գերազանցությունը սատարողներից ոմանց թիրախում։ Բայց ես պարզապես սիրում եմ Ուշային, նա այնքան լավ մայր է, փայլուն իրավաբան, անչափ հպարտանում եմ նրանով»։
Ուշայի նախնիների ծննդավայր Վադլուրու գյուղի բնակիչները ուրախ են տեսնել, որ իրենցից մեկը հասել է այդպիսի բարձունքների։ Ի տարբերություն ամուսնու, որը կաթոլիկ է, Ուշան դավանում է հինդուիզմ։
«Իսկապես, շատ երջանիկ եմ զգում։ Վադլուրուի գյուղացիներն էլ են ուրախ։ Ապագայում, եթե Ուշան դառնա ԱՄՆ նախագահ, էլ ավելի երջանիկ կլինենք»։
ՄըքԲրայդը հորդորում է Վենսին իր ուշադրության կենտրոնում պահել այն երեք ամերիկացիներին, որոնք ապրելու են հանրության ուշադրության ներքո։
«Նա պարտավոր է և, կարծում եմ, ցանկանում է երաշխավորել, որ նրա 2, 5 և 7 տարեկան երեխաները հարմարվեն հասարակության ուշադրության կենտրոնում լինելուն։ Պետք է փորձել հնարավորինս պաշտպանել նրանց, հատկապես դպրոցահասակ երեխաներին, ինչին նա պետք է պատրաստ լինի»։
Ուշա Վենսը դարձավ ԱՄՆ երկրորդ տիկինը հունվարի 20-ին։