Ուորթոնի դպրոցի շրջանավարտ, առողջապահական ոլորտում ներդրումային՝ Rubicon ընկերության հիմնադիր և կառավարիչ, բայց նաև՝ Մերձավոր Արևելքի գծով փորձագետ Ադամ Բեյլերը ԱՄՆ Սենատի կողմից հաստատվելուց հետո կդառնա նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը աշխարհի տարբեր երկրներում ճաղերի հետևում գտնվող ամերիկացի պատանդների ազատ արձակման հարցով, և կունենա դեսպանի կոչում:
45-ամյա Բեյլերը ծանոթ դեմք է ԱՄՆ կառավարական մարմիններում: Նա ծառայել է Թրամփի նախորդ վարչակազմում, եղել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի առաջին գործադիր տնօրենը։
Այդ պաշտոնում Բեյլերը՝ դիվանագիտական առաքելությունների ժամանակ ուղեկցում էր Սպիտակ տան նախկին ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին՝ Թրամփի փեսային։
«Մենք եկանք, քանի որ տեսանք փոփոխությունների անհրաժեշտությունը»,- ասել է նա:
Բեյլերը նաև մասնակից էր, այսպես կոչված, Աբրահամի համաձայնագրի նախապատրաստական աշխատանքներին՝ օգնելով բանակցային թիմին կարգավորել հարաբերությունները Իսրայելի և արաբական մի քանի պետությունների միջև:
Կոնգրեսի կողմից հաստատվելու դեպքում Բեյլերը կղեկավարի պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակը, որն աշխատում է կառավարության և մասնավոր հատվածի հետ՝ ձգտելով հասնել արտասահմանում պատանդ պահվող կամ անօրինական կերպով կալանավորված ամերիկացիների ազատ արձակմանը:
Հարցազրույցների ժամանակ Բեյլերը խոսել է Թրամփի նոր վարչակազմի կոշտ մոտեցման մասին՝ ասելով, որ երկրները պետք է ազատեն ԱՄՆ պատանդներին կամ, մեջբերենք, «պատրաստվում ենք քայլեր ձեռնարկել»:
Ռուսաստանը, Չինաստանը, Կուբան և Աֆղանստանն այն երկրներից են, որտեղ ԱՄՆ բազմաթիվ քաղաքացիներ պահվում են պետական կամ ոչ պետական կառույցների կողմից՝ նշում է «Ֆոլի» հիմնադրամը։
Ոչ առևտրային կազմակերպությունները, օրինակ՝ Hostage Aid Worldwide-ը, ողջունել են Թրամփի ընտրությունը՝ նշելով, թե ամերիկացի պատանդների խնդրի առնչությամբ անհրաժեշտ է համակարգային մոտեցում ցուցաբերել:
Hostage Aid Worldwide կազմակերպության անդամ Ալի Արաբն ասում է.
«Խնդիրին արդյունավետ կերպով չանդրադառնալը կարող է հանգեցնել նման պատանդառումների հետագա աճին, վերածվել պատերազմական գործիքի, ինչի ականատեսն ենք այժմ»:
Hostage Aid Worldwide-ի ներկայացուցիչները ներկայում Սիրիայում են, փնտրում են ամերիկացի Օսթին Թայսին՝ նախկին ծովային հետևակայինի, այնուհետև՝ լրագրողի, ով ավելի քան 12 տարի ճաղերի հետևում է:
«Դամասկոսի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ գնալով ավելի շատ սահմանափակումներ են դրվում մեզ վրա՝ մտնելու տարբեր օբյեկտներ: Բազմաթիվ հնարքներ պետք է օգտագործենք բանտեր մտնելու համար»,- ասում է Hostage Aid Worldwide կազմակերպության նախագահ Նիզար Զաքան։