Մատչելի հղումներ

Ֆինլանդիան հետաքննում է, թե ինչ դեր է ունեցել ռուսական նավթատարը Բալթիկ ծովում մալուխների դեմ ենթադրյալ դիվերսիայի գործում


Ֆինլանդիայում շարունակում է կալանքի տակ մնալ ռուսական նավթատար նավը
Ֆինլանդիայում շարունակում է կալանքի տակ մնալ ռուսական նավթատար նավը

Ֆինլանդիայում շարունակում է կալանքի տակ մնալ ռուսական նավթատար նավը՝ Բալթիկ ծովում էլեկտրական և հեռահաղորդակցության մալուխների դեմ դիվերսիա իրականացնելու կասկածանքով: Նախորդ ամիսներին գրանցվել են նմանատիպ մի շարք միջադեպեր, և ՆԱՏՕ-ն զգուշացնում է հիբրիդային հարձակումների աճող սպառնալիքի մասին

Ռուսական նավթ տեղափոխող նավը շարունակում է կալանավորված մնալ Ֆինլանդիայում, քանի դեռ տեղի իշխանությունները հետաքննում են անցած շաբաթ Բալթիկ ծովում էլեկտրական ու հեռահաղորդակցության մալուխները վնասելու միջադեպը:

Ֆինլանդիայի ոստիկանությունը կիրակի հայտնել էր, որ ծովի հատակին տասնյակ կիլոմետր երկարությամբ հետք է հայտնաբերվել, որը, ենթադրաբար, առաջացել է նավի խարսխից:

«Չորս մալուխ վնասվել է: Մեզ հաջողվեց վերահսկողություն հաստատել իրավիճակի նկատմամբ, գտնել խնդրո առարկա նավը, այն բերել Ֆինլանդիայի ջրեր և սկսել քրեական հետապնդում»,- ասել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

Ֆինլանդիայի իշխանությունները կասկածում են, որ Կուկի կղզիներում գրանցված Eagle S-ը ռուսական, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» մի մասն է, որն օգտագործվում է նավթի արտահանման արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար, որոնք սահմանվել են 2022 թվականին Մոսկվայի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո:

Կրեմլը չի արձագանքել դիվերսիայի մասին մեղադրանքներին։

Estlink-2 անվամբ էլեկտրական մալուխի և հեռահաղորդակցման երեք գծերի վնասվելը Բալթիկ ծովում նմանատիպ միջադեպերի շարքում վերջինն է։

Նոյեմբերին չինական մի նավ էր կասկածվում շվեդական ջրերում օպտիկամանրաթելային երկու մալուխներ վնասելու մեջ:

Անցած տարի վնասվել էր Էստոնիան և Ֆինլանդիան կապող Balticconnector գազատարը։ Տասը ամիս անց Չինաստանը հայտարարեց, որ վնասը հասցրել է Հոնկոնգում գրանցված մի նավ փոթորկի ժամանակ, սակայն Ֆինլանդիայում թերահավատորեն էին, թե իրական պատճառը կարող էր նշվածը լինել:

Այս ամենի ֆոնին` Էստոնիան կոչ է անում թարմացնել ծովային օրենքները։

«Սա չի կարող պատահականություն լինել։ Նման իրավիճակները բնորոշ չեն ոչ միայն մեր տարածաշրջանին, այլեւ աշխարհի մյուս տարածաշրջաններին։ Այսպիսով, [հաշվի առնելով] տեխնոլոգիական առաջընթացը, կարծում ենք, որ լավ գաղափար կլինի վերանայել միջազգային իրավունքը՝ այս հետաքննություններն ավելի սահուն դարձնելու համար»,- ասում է Էստոնիայի արդարադատության նախարար Լիիսա Պակոստան:

Անցած ուրբաթ ՆԱՏՕ-ն հայտարարել էր, թե մտադիր է ամրապնդել իր ներկայությունը Բալթիկ ծովում: Վերջերս դաշինքը ռազմածովային զորավարժություններ է անցկացրել տարածաշրջանում։

Սակայն նման հիբրիդային հարձակումներին արձագանքելը, ինչպիսին է ստորջրյա մալուխների թիրախավորումը, դժվար է` ասում է վերլուծաբան Չարլի Սալոնիուս-Պաստեռնակը:

«Եթե վերագրեք կամ մեղադրենք ինչ-որ մեկին դրա մեջ, որքանո՞վ է արդյունավետ: Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել դրա դեմ։ Ակնհայտ է, որ չեք կարող օգտագործել նույն գործիքակազմը, ինչ Ռուսաստանն ու Չինաստանը։ Առնվազն այս պահին»,- ասում է ֆիննական Միջազգային հարաբերությունների ինստիտուտի վերլուծաբան Չարլի Սալոնիուս-Պաստեռնակը։

Ֆինական իշխանությունների ներկայացմամբ` Estlink 2 մալուխի վերականգնումը կարող է տևել մինչև գալիք տարվա օգոստոս:

XS
SM
MD
LG