Մատչելի հղումներ

Թուրքիայում գործող «Շաբաթօրյա մայրեր» շարժումը հազարերորդ ակցիան է արել՝ պահանջելով գտնել անհետ կորած հարազատներին


Թուրքիայում շարունակվող ամենից երկարատև բողոքի ակցիան բոլորեց իր հազարերորդ շաբաթը։ «Շաբաթօրյա մայրեր» անվամբ խումբը ամեն շաբաթ լուռ ակցիա է իրականացնում՝ պահանջելով արդարադատություն՝ իրենց հարազատների համար, ովքեր անհետացել են երկրի անվտանգության ուժերի կողմից կալանավորվելուց հետո:

Պաստառների վրա Թուրքիայում անհետ կորած մարդկանց դիմանկարներն են։

Ամենափոքրը՝ 13-ամյա հովիվ Դավութն էր: Հարազատներն ասում են, որ տղան ու մյուսները անհետացել են անվտանգության ուժերի կողմից կալանավորվելուց հետո:

«Շաբաթօրյա մայրեր» անվամբ խումբը, որն այդպես է կոչվել Արգենտինայում նմանատիպ շարժման պատճառով, արդեն հազարերորդ շաբաթն է, ինչ բողոքի լուռ ակցիա է իրականացնում՝ պահանջելով պարզել հարազատների ճակատագիրը:

Հանիֆե Յըլդըզը նրանցից մեկն է։

«Այստեղ եմ, քանզի որդիս անհետացել է կալանքի տակ գտնվելու ժամանակ: Ասում են՝ կալանք չի եղել։ Բայց որդուս ինքս եմ տարել ոստիկանություն։ Ցավոք սրտի, մենք այստեղ ենք արդեն 29 տարի՝ հազար շաբաթ։ Արդարություն ենք պահանջում»,- ասում է Հանիֆե Յըլդըզը։

Պաստառների վրա Թուրքիայում անհետ կորած մարդկանց դիմանկարներն են
please wait

No media source currently available

0:00 0:03:03 0:00

Նմանատիպ հարյուրավոր անհետացումների մեծ մասը տեղի է ունեցել 1990-ականներին՝ քուրդ ապստամբների դեմ թուրքական պետության պատերազմի ժամանակ: Կան ավելի վաղ գրանցված դեպքեր՝ 1980-ականների ռազմական դիկտատուրայի տարիներին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, 2011 թվականին հանդիպեց «Շաբաթօրյա մայրերից» մի քանիսին և խոստացավ, որ արդարադատությունը կվերականգնվի:

Նման անհետացումների գործերով անգամ դատավարություններ են եղել, սակայն ելքը՝ մեղադրյալների աթոռներին նստած անձանց արդարացումն էր։

Նախորդ տարիներին փոխվեց նաև Էրդողանի գլխավորած կառավարության վերաբերմունքը բողոքավորների նկատմամբ․ իշխանություններն այլևս բռնաճնշումներ էին կիրառում բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ։

Ստամբուլի Գալաթասարայ հրապարակը, ուր, սովորաբար, հավաքվում էին «Շաբաթօրյա մայրերը», այժմ հսկողության ներքո է, և իշխանությունները թույլատրում են միայն փոքր քանակով մարդկանց ակցիա իրականացնել:

«Այն ժամանակաշրջանում, հատկապես՝ 1990-ականների սկզբին՝ 1992-1994 թվականներին, մեծ քանակությամբ տղամարդիկ ձերբակալվեցին և նրանց այլևս ոչ ոք չտեսավ։ Իսկ իշխանության ներկայացուցիչները չեն կարողանում հանդուրժել, որ այս կանայք՝ անհետացածների հարազատները, ամեն շաբաթ օր հանդիպեն ու նրանց հիշեցնեն պետության կատարած հանցագործությունները»,- ասում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Էմմա Սինքլեր-Վեբը։

«Շաբաթօրյա մայրերի» հազարերորդ ակցիան աջակցության ալիք բարձրացրեց սոցցանցերի թուրքական հատվածում։ Անգամ երաժշտական կատարում ստեղծվեց, որը ոգեկոչում է նրանց պայքարը:

1990-ականներին իր եղբորը՝ Ռիդվանին կորցրած Բիրսեն Կարակոչն ասում է՝ պայքարը կշարունակեն այնքան ժամանակ, մինչև արդարադատություն կհաստատվի։

«Մեր հարազատները որբ չեն։ Փորձում ենք հասկանալ՝ ի՞նչ է կատարվել նրանց հետ, ինչո՞ւ են նրանց տանջամահ արել։ Արդարություն ենք ուզում։ Ուստի, ամեն շաբաթ օր այստեղ ենք։ 30 տարի այստեղ ենք՝ առաջին շաբաթ օրվանից, և կշարունակենք լինել»,- ասում է Կարակոչը:

Ակցիայի ավարտին Բիրսենի մյուս եղբայրը՝ Հասանը, ծաղիկներ դրեց՝ ի հիշատակ բռնի կերպով անհետացածների՝ խոսք ասելով, թե քանի դեռ բոլորին չեն գտել և մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, իրենք չեն հանձնվելու:

XS
SM
MD
LG