Մատչելի հղումներ

 
ԱՄՆ Սենատը վերստին կփորձի ընդունել սահմանների անվտանգության մասին երկկուսակցական օրինագիծը

ԱՄՆ Սենատը վերստին կփորձի ընդունել սահմանների անվտանգության մասին երկկուսակցական օրինագիծը


ԱՄՆ Կապիտոլիում
ԱՄՆ Կապիտոլիում

ԱՄՆ Սենատի մեծամասության՝ դեմոկրատների առաջնորդը հույս է հայտնել, որ Կոնգրեսի վերին պալատում կհաջողվի փոխհամաձայնության գալ, սակայն ստորին պալատի՝ Ներկայացուցիչների տան, հանրապետականները պնդում են՝ օրինագիծն անընդունելի է:

ԱՄՆ Սենատի մեծամասնության առաջնորդ, դմոկրատ Չակ Շումերը հայտարարել է, թե Կոնգրեսի վերին պալատն այս շաբաթ վերստին կփորձի ընդունել երկրի սահմանային անվտանգությանը վերաբերող երկկուսակցական օրինագիծը:

Հիշեցնենք, նախկին փորձն անհաջող էր. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հորդորով հանրապետական օրենսդիրները չաջակցեցին։

«Հուսով եմ, հանրապետականներն ու դեմոկրատները կարող են միասին աշխատել՝ սահմանային երկկուսակցական ակտն այս շաբաթ ընդունելու համար»,- գրել է Շումերը՝ սենատորներին ուղղված նամակում:

Սենատորի ներկայացմամբ, օրինագիծը բարեփոխումներ է նախատեսում ապաստան տրամադրելու մասին օրենսդրությունում, ի զորու կլինի մեծացնել սահմանապահների թիվը և կրճատել ֆենտանիլի մաքսանենգությունը:

Հանրապետականների կողմից վերահսկվող ԱՄՆ Ներկայացուցիչների տան առաջնորդները՝ խոսնակը Մայք Ջոնսոնը և այլոք, արդեն իսկ արձագանքել են՝ եթե օրինագիծը հասնի Կոնգրեսի ստորին պալատ, չի ընդունվի։

Սպիտակ տունն իր աջակցություն է հայտնել օրինագծին։

«Այս՝ սահմանային երկկուսակցական օրինագիծը զգալի փոփոխություններ կիրականացնի, կտրամադրի ռեսուրսներ և անձնակազմ, որոնք անհրաժեշտ են սահմանի անվտանգության ապահովման համար, և մեր երկիրն ավելի անվտանգ կդարձնի»,- կարդում ենք երկուշաբթի Սպիտակ տան տարածած հայտարարությունում:

Շումերն ընդգծել է, թեև նախորդ օրինագիծը Ուկրաինային և Իսրայելին ամերիկյան օգնության տրամադրման փաթեթի մասն էր, այս մեկը վրաբերում է բացառապես սահմանային խնդիրների։

2021 թվականի հունվարից ի վեր, ինչ Ջո Բայդենի ստանձնեց նախագահի պաշտոնը, ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ռեկորդային թվով միգրանտներ են ձերբակալվել, իսկ սահմանների անվտանգության հարցը դարձել է այս տարվա նախագահական քարոզարշավի առանցքային հարցերից մեկը:

Այս փետրվարին ներկայացված նախկին օրինագիծը հավանություն չստացավ, ինչպես ասացինք, Թրամփի պատճառով, թեև փաստաթուղթը ներառում էր սահմանային

անվտանգության ապահովման մի շարք միջոցներ, որոնց հանրապետականները համաձայն էին:

«Նախկին նախագահը հասկացրել էր, որ ինքը կնախընտրի այս հարցը կենդանի պահել՝ իր քարոզարշավի ժամանակ օգտագործելու համար, և մեր գործընկեր- հանրապետականներից շատերը կտրուկ հրաժավեցին աջակցել օրինագծի ընդունմանը, թեև նախկինում խոստացել էին»,- ասել է Շումերը։

XS
SM
MD
LG