Մատչելի հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահն այցելել է Երևան


ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը մայիսի 13-ին այցելել է Հայաստան
ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը մայիսի 13-ին այցելել է Հայաստան

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը մայիսի 13-ին այցելել է Հայաստան։ Վերջինս հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ ԵԱՀԿ գործող նախագահը համատեղ մամլո ասուլիս է տվել արտգործնախարար Միրզոյանի հետ:

Ըստ Բորջի գրառմանը X հարթակում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կողմերը «քննարկել են Ադրբեջանի հետ ընթացող քաղաքական գործընթացը, կայուն խաղաղության հեռանկարները և Հայաստանի ներգրավվածությանը ԵԱՀԿ-ի հետ: Երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են համապարփակ և տեւական կարգավորման հասնելու համար»,- գրել է ԵԱՀԿ գործող նախագահը:

Արտգործնախարար Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին Իեն Բորջը ընդգծել է ԵԱՀԿ-ի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին ու Ադրբեջանին՝ համապարփակ ու կայուն խաղաղության համաձայնագրի կնքմանը հասնելու հարցում:

«Մենք կաջակցենք Հայաստանին ու Ադրբեջանին, որպեսզի կարողանան համապարփակ ու կայուն խաղաղության համաձայնագրի կնքման հասնել։ Մենք տեղյակ ենք, որ երկու երկրներն էլ նախընտրում են երկկողմանի հարթությամբ հարցերը լուծել, մենք աջակցում ենք դրան»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը։

Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին հարցին՝ նա հրաժարվել է կարծիք հայտնել գործընթացի վերաբերյալ։

«Եթե ուզում ես կառուցողական լինել, ավելի լավ է թողնել, որպեսզի կողմերը իրենք իրենց տեսակետները հայտնեն, մանավանդ վերջերս տեղի ունեցած հանդիպումներից հետո, որոնք տարբեր հարթություններով տեղի են ունենում։ Ես, անշուշտ, գործընթացին չեմ օգնի, եթե հանկարծ հայտարարեմ իմ դիրքորոշումը։ Ես չեմ օգնի գործընթացին, երբ իրականում մենք դրա մասը չենք։ Դա երկկողմանի քննարկում է, ուստի հարգեք իմ դիրքորոշումը»,- ասել է Բորջը։

XS
SM
MD
LG