ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի Իսրայելին կոչ է արել կոնկրետ և արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ կանխելու Գազայի խաղաղ բնակիչներին հասցվող վնասը և ապահովել նրանց օգնություն ցուցաբերողների անվտանգությունը։
Նախագահ Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեք օր անց այն բանից հետո, երբ Գազայի հատվածում իսրայելական ռազմուժի հարվածի հետևանքով սպանվեցին World Central Kitchen-ի յոթ աշխատակիցներ:
Երկու ղեկավարների խոսակցությունը տևել է գրեթե կես ժամ՝ հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Նախագահ Բայդենը ընդգծել է, որ մարդասիրական կառույցների աշխատակիցներին թիրախավորելն անընդունելի է:
Բայդենի խոսքով, հումանիտար իրավիճակը կայունացնելու և անմեղ, խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար՝ անհապաղ զինադադար է անհրաժեշտ: Սպիտակ տան ղեկավարը Իսրայելի վարչապետին կոչ է արել իսրայելական պատվիրակությանը շնորհել անհրաժեշտ լիազորություններ՝ պատանդներին վերադարձնելու հարցում շտապ համաձայնության հասնելու համար։
Զրույցի ընթացքում նաև քննարկվել են Իսրայելի հասցեին Իրանի հրապարակավ սպառնալիքները։ Նախագահ Բայդենը ընդգծել է՝ Միացյալ Նահանգներն ամուր կանգնած է հրեական պետության կողքին:
Հիշեցնենք՝ չորեքշաբթի Բայդենը հայտարարել էր, թե Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման դժվարությունների հիմնական պատճառն այն է, որ «Իսրայելը բավարար միջոցներ չի ձեռնարկում` մարդասիրական առաքելությունների աշխատակիցներին պաշտպանելու համար, ովքեր պարզապես ձգտում են մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը»:
«Երեկվա միջադեպի նման միջադեպերը պարզապես չպետք է տեղի ունենան։ Իսրայելը... բավականաչափ ջանք չի գործադրել՝ խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար»,- հինգշաբթի հայտարարել է Բայդենը:
Միացյալ Նահանգները կշարունակի անել հնարավորը՝ Գազայի հատվածում պաղեստինցի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու համար՝ օգտագործելով բոլոր միջոցները՝ ընդգծել է ԱՄՆ նախագահը։
«Կշարունակեմ ճնշում գործադրել Իսրայելի նկատմամբ, ոոպեսզի նրանք լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն [մարդասիրական] օգնության տրամադրումը հեշտացնելու համար»,- հավելել է Բայդենը: