Մատչելի հղումներ

Բայդենի ամենամյա երրորդ ուղերձը Կոնգրեսի առջև նախագահության երկրորդ ժամկետին ձգտելու հայտ էր


Բայդենի ամենամյա երրորդ ուղերձը
Բայդենի ամենամյա երրորդ ուղերձը

ԱՄՆ Կոնգրեսի առջև հանդես գալով ամենամյա երրորդ ուղերձով՝ Ջո Բայդենը ընդգծեց իր վարչակազմի ձեռքբերումները՝ խոսեց ենթակառուցվածքների, ուսանողների պարտքի ներման, աբորտ կատարելու իրավունքի և զենքի վերահսկման մասին: Սպիտակ տան ղեկավարը բազմիցս քննադատեց «իր նախորդին»՝ չնշելով, սակայն, Թրամփի անունը։

ԱՄՆ նախագահներն ամեն տարի մեկ անգամ հանդես են գալիս ուղերձով` հասցեագրված երկրի Կոնգրեսի զույգ պալատներին: Նախագահի պաշտոնում Ջո Բայդենի երրորդ նմանատիպ ուղերձը հնարավորություն էր ցույց տալու, որ 81-ամյա գործիչը ֆիզիկապես ու հոգեպես պատրաստ է առաջնորդել երկիրը ևս չորս տարի։

ԱՄՆ նախագահն իր ուղերձը սկսեց նախազգուշացմամբ, որ Միացյալ Նահագներում ու երկրի սահմաններից դուրս ժողովրդավարական արժեքները հարվածի տակ են:

«Նախագահ Լինքոլնի և քաղաքացիական պատերազմի ժամանակներից ի վեր ազատությունն ու ժողովրդավարությունը այս երկրում չեն ենթարկվել [նմանատիպ] հարձակման, ինչպես այսօր: Ազատությունն ու ժողովրդավարությունը հարվածի տակ են ինչպես տանը, այնպես էլ արտասահմանում»,- հայտարարեց նա:

Բայդենը խոստացավ, որ չի «խոնարհվի» Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի առաջ՝ սուր քննադատության ենթարկելով իր մրցակից Դոնալդ Թրամփին ելույթի առաջին իսկ պահերից։

Ջո Բայդենի նախագահական երրորդ ուղերձը` Կոնգրեսի համատեղ նիստերի դահլիճից
please wait

No media source currently available

0:00 0:04:33 0:00

«Իմ նախորդը՝ հանրապետական նախկին նախագահը, Պուտինին ասում է՝ ինչ ուզում ես՝ արա: Ես չեմ խոնարհվի: Ուղիղ իմաստով՝ պատմություն է կերտվում»,- ընդգծեց ԱՄՆ նախագահը և պառակտված Կոնգրեսին հորդորեց՝ հավանություն տալ Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնությանը:

Ջո Բայդենը խոսեց նաև Միացյալ Նահանգների տնտեսության մասին՝ մատնանշելով երկրի հետհամաճարակային վերականգնումը:

«Ժողովուրդ, ես ժառանգեցի մի տնտեսություն, որը գտնվում էր ծայրահեղ վիճակում: Այժմ աշխարհը բառացիորեն նախանձում է մեր տնտեսությանը: [Ստեղծել ենք] տասնհինգ միլիոն նոր աշխատատեղեր ընդամենը երեք տարում, ինչը ռեկորդային է: Գործազրկության [մակարդակը հասել է] 50 տարվա նվազագույնին»,- նշեց Բայդենը:

Նախագահը հատուկ ուշադրություն հրավիրեց 2022 թվականին Գերագույն դատարանի կողմից Ռոու ընդդեմ Ուեյդի գործով որոշման չեղարկմանը, որը երաշխավորում էր աբորտ կատարելու իրավունքը, և այդ հարցը, ըստ դեմոկրատների, թույլ կտա լրացուցիչ ձայներ շահել առաջիկա ընտրություններում:

«Նրանք, ովքեր պարծենում են Ռոուն ընդդեմ Ուեյդի գործի տապալմամբ, գաղափար չունեն կանանց ուժի մասին: Բայց երբ վերարտադրողական ազատության [հարցը դարձավ] նախընտրական թեմա, մենք հաղթեցինք 2022-ին և նորից կհաղթենք 2024-ին»,- ասաց նախագահը:

Ավելի քան մեկ ժամանոց խոսքի ընթացքում Բայդենը քննադատեց Թրամփի մոտեցումները նաև ներգաղթի վերաբերյալ:

«Ես չեմ «սևացնի» ներգաղթյալներին՝ ասելով, որ նրանք «թունավորում են մեր արյունը», - ասաց Բայդենը՝ նկատի ունենալով Թրամփի հայտնի հայտարարությունները, և Կոնգրեսին կոչ արեց ընդունել ներգաղթի վերաբերյալ բարեփոխումները։

Անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը՝ ԱՄՆ նախագահը նախազգուշացրեց Թել Ավիվին, որ չի կարող սակարկել մարդկանց օգնություն հասցնելու շուրջ և կոչ արեց անհապաղ զինադադար հաստատել «Համասի» հետ:

«Իսրայելի ղեկավարությանն ասում եմ՝ մարդասիրական օգնությունը չի կարող լինել երկրորդական խնդիր կամ սակարկության առարկա: Անմեղ կյանքերի պաշտպանությունն ու փրկությունը պետք է առաջնահերթություն լինի»,- հայտարարեց ԱՄՆ նախագահը՝ հիշեցնելով նաև, որ Իսրայելը դիմեց ռազմական գործողություններին անցած տարվա հոկտեմբերի 7-ի հրեական պետության դեմ «Համասի» գրոհից հետո։ Բայդենը ընդգծեց՝ զինյալներն «այսօր կարող են վերջ տալ այս հակամարտությանը»՝ ազատելով պատանդներին։

Ջո Բայդենի ելույթին զուգահեռ բողոքի ցույցեր էին Սպիտակ տան և Կապիտոլիումի շենքերի առջև, ուր մարդկանց բազմությունը պահանջում էր զինադադար հաստատել Գազայում:

ԱՄՆ նախագահի ելույթի ընթացքում հանրապետական կոնգրեսականները հաճախ սուլում էին և բղավում Բայդենի հասցեին, բայց նա ամեն անգամ պատասխանում էր՝ կատակելով և ծաղրում էր իր հակառակորդներին գրեթե ամեն ինչում՝ սկսած միլիարդատերերի հարկերի կրճատումից մինչև կլիմայի փոփոխությանը լրջորեն չվերաբերվելը:

Կոնգրեսի զույգ պալատների առջև ԱՄՆ նախագահների տարեկան ելույթի՝ State of the Union-ի ավանդույթի համաձայն, պատասխան խոսքով հանդես եկավ ընդդիմության ներկայացուցիչը, որն այս տարի իրականացրեց Ալաբամայից ընտրված սենատոր Քեթի Բրիթը: Իր խոսքում հանրապետական գործիչը սուր քննադատության ենթարկեց նախագահ Բայդենի ելույթը՝ դեմոկրատների քաղաքականությունը որակելով ձախողված:

XS
SM
MD
LG