Մատչելի հղումներ

Վլադիմիր Պուտինի սպառնալիքներն ու խոստումները Ռուսաստանի Դաշնային ժողովում


Վլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին

Դիտորդներն ուշադրություն են հրավիրում՝ Պուտինի ելույթն անտեսեց երկրի ներքին կյանքում առկա էական խնդիրները, փոխարենը լի էր սպառնալիքներով արևմտյան երկրների հասցեին։

Եվրախորհրդարանը ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մահվան մեջ մեղադրել է Ռուսաստանի իշխանություններին և անձամբ Վլադիմիր Պուտինին՝ բարձրացնելով Ռուսաստանի ներկայիս նախագահի լեգիտիմության հարցը։ Այս մասին նշված է հինգշաբթի հրապարակված Եվրախորհրդարանի բանաձևում։

Պուտինն, ով այդ օրը ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնային ժողովին, այդպես էլ ոչ մի խոսք չասաց Նավալնիի ողբերգական մահվան մասին։ Քաղաքական գործչի մերձավորները վստահ են, որ նախագահի ելույթի օրն էր պատճառը, որ Ալեքսեյի հուղարկավորությունը հետաձգվեց ուրբաթ՝ մարտի 1-ին։

Վլադիմիր Պուտինի ելույթը տևել է 2 ժամ 6 րոպե։

Սպասվում էր, որ ուղերձի ընթացքում Կրեմլի ղեկավարը հանգամանորեն կանդրադառնա Ուկրաինայում Մոսկվայի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմին։ Բայց Պուտինը, խոսելով այդ թեմայի մասին, ըստ էության խուսափել է բազմաթիվ կարևոր հարցերից։ Մասնավորապես, ոչինչ չի ասվել ռուսական զորքերում կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստների, կամ Մոսկվայի խորացող միջազգային մեկուսացման մասին։

Պուտինի խոսքով, Ռուսաստանն «արդար պայքար է մղում իր ինքնիշխանության և անվտանգության համար»։ Նա կրկին առաջ է մղել այն թեզը, թե Կրեմլը չի սկսել ուկրաինական պատերազմը՝ միաժամանակ հիշեցնելով Մոսկվայի հայտարարած նպատակները՝ Ուկրաինայի «դենացիֆիկացիա» և «դեմիլիտարիզացիա»։

Կրեմլի ղեկավարի հավաստմամբ, ռուսական բանակի շարքերում «մեծացել և պատրաստվել է տաղանդավոր հրամանատարների մի ամբողջ սերունդ, որը հոգ է տանում մարդկանց մասին»։ Իրականությունը, սակայն, մեղմ ասած, այլ է՝ ռուսական բանակի տխրահռչակ «զանգվածային գրոհները» ուկրաինական ամրացված դիրքերի վրա։ Միայն Ավդիիևկայի գրավման ժամանակ, ըստ ռազմական փորձագետների, զոհվել է առնվազն 16 հազար ռուսաստանցի զինվորական։ Ընդհանուր առմամբ, արևմտյան հետախուզության ամենազուսպ գնահատականների համաձայն, Ռուսաստանն այս պատերազմում արդեն իսկ կորցրել է ավելի քան 300 հազար զինվորական՝ զոհված ու վիրավոր։

Ինչևէ, Պուտինն իր ելույթի հիմնական մասը նվիրեց Ռուսաստանի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին, ժողովրդագրությանը, բազմազավակ ընտանիքների խնդիրներին, ինչի առնչությամբ հայտարարեց տարբեր ազգային նախագծերի մասին։ Բազմաթիվ լրագրողներին սա ընկալեցին որպես Պուտինի նախընտրական քարոզչություն՝ նախագահական ընտրություններից հաշված օրեր առաջ։

Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Անդրեյ Կոլեսնիկովն ուշադրություն է հրավիրում՝ ուղերձում Պուտինը միտումնավոր չի շոշափել երկրի առջև ծառացած իրական խնդիրներից շատերը, որոնք իսկապես հուզում են ռուսաստանցիներին, և պատճառն, ըստ փորձագետի, այն է, որ անձամբ Պուտինին այդ ամենը չի հուզում, նա բոլորովին այլ նպատակներ է հետապնդում։

«Այս քարոզչական արշավի նպատակն է համոզել մարդկանց, որ նրանք ապրում են [Պուտինի] «Բարբիլենդում»։ Քարոզարշավի առանցքը՝ նախագահի շուրջ հանրային համախմբավծություն ցույց տալն է։ Նրա համար կարևոր է հանգստացնել, ոչ թե վախեցնել բնակչությանը»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է Կոլեսնիկովը։

Նախագահի բոլոր խոստումները, հատկապես՝ թվերով արտահայտված իրատեսական չեն, և Պուտինը քաջ գիտակցում է այդ՝ նշում է Անդրեյ Կոլեսնիկովը. «Նաև գիտենք [հայտնի] մայիսյան հրամանագրերի և ազգային նախագծերի ճակատագրի մասին։ Նրանցից շատերը պարզապես ձախողվեցին: Դրանք չբարձրացրեցին ծնելիությունը, բնավ։ Սա հակասում է երկարաժամկետ միտումներին, և պատերազմի ժամանակ ընտանիքները չեն պլանավորում վերարտադրողական վարքագիծ, իսկ աբորտի դեմ պայքարն այստեղ ընդհանրապես չի օգնի։ Աղքատությունը կկրճատվի ֆորմալ առումով, քանի որ այն արդեն «կրճատվել» է՝ վիճակագրական հնարքների միջոցով: Առաջիկա մի քանի տարիներին ցուցանիշները կբարելավվեն՝ այդ թվում զինծառայողներին սոցիալական վճարների, «թաղման» վճարների և ռազմարդյունաբերական համալիրի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հաշվին»։

Ըստ սոցհարցումների, Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի բնակչության մեծամասնության շրջանում մոտավորապես այն պատկերացումներն են, ինչ Պուտինի ուղերձում՝ «խաղաղություն, բայց մեր պայմաններով և «նոր տարածքների» պահպանմամբ»:

Կոլեսնիկովը ընդգծեց. «Հետևաբար, այստեղ որևէ հակասություն չկա։ Նա չանդրադարձավ պատերազմին առնչվող տհաճ թեմաներին։ Օրինակ՝ ե՞րբ զորահավաքի ենթարկվածները կվերադառնան տուն։ Պատճառն այն է, որն ուղերձը պետք է «հաճելի» լինի։ Ի վերջո, սա մամուլի ասուլիս չէ, այլ Դաշնային ժողովին ներկայացված առաջադրանքների մասին հայտարարություն։ Հարմար ձևաչափ է: Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ հարաբերություններին, ապա այստեղ ընդհանրապես նորություն չկա՝ ուղերձի առաջնահերթությունը ներքին լսարանն է և ներքին խնդիրները»։

Կոլեսնիկովի ներկայացմամբ, ուղերձում Ռուսաստանի արտաքին և ռազմական քաղաքականությունների, նույնիսկ միջուկային շանտաժի մասին անդրադարձ կատարվեց «սովորական ձևով»։

Հիշեցնենք, Պուտինը հատուկ կանգ առավ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի աղմկահարույց հայտարարությանը՝ ապագայում Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորակազմ ուղարկելու հնարավորության մասին։ Կրեմլի ղեկավարը խոսքով, նման քայլը սպառնում է վերաճել «միջուկային զենքի կիրառմամբ հակամարտությամ, հետևաբար՝ քաղաքակրթության ոչնչացմամբ»։

«Իրենք պետք է, ի վերջո, հասկանան, որ մենք էլ զենք ունենք։ Նրանք սա գիտեն։ Մենք նաև զենք ունենք, որը կարող է խոցել թիրախները նրանց տարածքում»,- ընդգծել է Պուտինը։

Սպիտակ տունն ու պետքարտուղարությունը հայտարարել են, որ ԱՄՆ-ն մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա։ Նույն դիրքորոշումն են հայտնել Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Լեհաստանը և Չեխիան։

Վերադառնանք ուղերձի սոցիալ-տնտեսական հատվածին․ Պուտինը հայտարարեց ռուսաստանցիներին սոցիալական վճարների, հարկային արտոնությունների և այլ գծով տարբեր արտոնություններ տրամադրելու մասին։ Փորձագետների գնահատմամբ, խոստումը կարժենա ավելի քան 8 տրիլիոն ռուբլի։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում տնտեսական մեկնաբան Սեմյոն Նովոպրուդսկին կարծիք հայտնեց՝ տիպիկ պոպուլիստական նախընտրական ծրագիր է․ «Ավելին, շատ հրատապ խնդիրների լուծման ժամկետ է սահմանվել 2030 թվականը, երբ ոչ ոք չի հիշի դրանք և չի ստուգի դրանց կատարումը։ Ամեն ինչ ընթանում է «օրինաչափորեն»: 2012 թվականի ընտրությունների համար հայտարարվեցին մոտ ապագայում իրականացվող մեծ ծրագրերի մասին։ Դրանք, իհարկե, չեն իրականացվել։ Բայց ո՞վ է հիմա հիշում այդ մասին։ Դյուրահավատների վրա հույս դնելը, սակայն, ցավոք, միանգամայն արդարացված է»։

Նովոպրուդսկին կասկած հայտնեց, որ Ռուսաստանը կարող է զգալիորեն մեծացնել իր համախառն ներքին արդյունքը և այդ ցուցանիշով դառնալ աշխարհի չորս տերությունը, ինչպես հնչեցրել է Վլադիմիր Պուտինը․ «Ռուսաստանի համախառն ներքին արդյունքը՝ վերահաշվարկված դոլարով, ամենևին էլ հինգերորդը չէ աշխարհում, և սա չի նշանակում բարձր կենսամակարդակ, որը, ինքնաբերաբար, կարող է աճել, եթե ռուբլին թուլանա դոլարի նկատմամբ: Անվանական ՀՆԱ-ով Չինաստանն առաջինն է, բայց ՀՆԱ-ի գնողունակությամբ այդպես չէ։ Ռուսաստանը չի լինի աշխարհի չորս հիմնական տնտեսությունների շարքում։ Ավելին, նրա մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում շարունակում է նվազել և առաջիկա տարիներին գործնականում աճելու հնարավորություն չունի»:

Պուտինը կարող է հրապարակավ ասել այն, ինչ ցանկանում է՝ հասկանալով, որ չունի քաղաքական մրցակիցներ, և ոչ ոք չի վիճարկի իր հայտարարությունները՝ եզրափակեց մեկնաբանը։

XS
SM
MD
LG