Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը չի կարող ավտոմատ կիրառվել․ Թրամփի խորհրդական


Դոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ

Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քիթ Քելոգի խոսքով, դաշինքի որոշ անդամներ կարող են կորցնել ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածով նախատեսված ավտոմատ պաշտպանության իրավունքը։

Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականը «Reuters»-ի հետ զրույցում հայտարարել է, թե ձգտելու է փոփոխությունների ենթարկել ՆԱՏՕ-ն, եթե Թրամփը վերադառնա Սպիտակ տուն։

Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քիթ Քելոգի խոսքով, վերափոխումների արդյունքում դաշինքի որոշ անդամներ՝ արտաքին հարձակման դեպքում կարող են կորցնել ավտոմատ պաշտպանության իրավունքը։

Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Քելոգն ասել է, որ եթե դաշինքի անդամներից որևէ մեկը պաշտպանության վրա չծախսի իր ՀՆԱ-ի առնվազն 2%-ը, ինչպես համաձայնեցված է, ինքը կողմ կլինի, որ այդ երկիրը զրկվի ալյանսի պաշտպանությունից։

Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտի հավաստմամբ, եթե Թրամփը հաղթի գալիք նախագահական ընտրություններում, կառաջարկի ՆԱՏՕ-ի անդամ-երկրների հանդիպում անցկացնել 2025 թվականի հունիսին՝ քննարկելու դաշինքի ապագան։

Քիթ Քելոգի խոսքով, ՆԱՏՕ-ն, ի վերջո, կարող է դառնալ «բազմաշերտ դաշինք», որտեղ որոշ անդամներ ավելի մեծ պաշտպանվածություն կունենան՝ կախված, թե որքան են համապատասխանում ՆԱՏՕ-ի հիմնադիր հոդվածներին:

Դոնալդ Թրամփի խորհրդականը հավելել է, որ ավտոմատ պաշտպանությունը կորցնելուց բացի, հնարավոր են ավելի թույլ պատժամիջոցներ, օրինակ՝ վարժանքներից կամ սարքավորումներից զրկվելը: Նաև՝ անդամ-երկրները պետք է իրավունք ունենան «ազատ կերպով դուրս գալ դաշինքից»։

Քելոգը հայտարարել է, որ եթե Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրի 3-րդ հոդվածը պատշաճ կերպով չի կատարվում, ապա 5-րդ հոդվածով նախատեսված պաշտպանությունը չպետք է ընկալվի որպես ավտոմատ գործողություն՝ արտաքին ագրեսիայի դեպքում։

Ալյանսի հիմնադիր փաստաթղթի 3-րդ հոդվածում ասված է, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրները պետք է համապատասխան ջանքեր գործադրեն սեփական պաշտպանական

կարողությունները զարգացնելու համար, սակայն այնտեղ, բնականաբար, ոչինչ ասված չէ, թե ՆԱՏՕ-ի անդամները պետք է իրենց պաշտանական ծախսերը կատարեն սեփական ՀՆԱ-ի առնվազն 2%-ի չափով։

ՆԱՏՕ-ի՝ անցած տարվա հուլիսի գնահատականի համաձայն, դաշինքի 31 անդամներից միայն 11-ն էին իրենց պաշտպանության համար 2023 թվականի դրությամբ ծախսում սեփական ՀՆԱ-ի առնվազն 2%-ի չափով։ Այդ 11 պետություններից 5-ը սահմանակից են Ռուսաստանին, 3-ը Ուկրաինային։

«Բոլորը հասկանում են 5-րդ հոդվածը՝ հարձակում մեկի վրա նշանակում է հարձակում բոլորի վրա։ Բայց նրանք մոռանում են բոլոր մյուս հոդվածները, որոնք դրանից առաջ են կամ հետո։ Դրանցից մեկը 3-րդ հոդվածն է»,- ընդգծել է ասել է Քիթ Քելոգը։

XS
SM
MD
LG